Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան. «Հունիսի 20-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու եւ նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանը, տարածքը բզկտեն»

Մայիս 19,2021 18:35

Այսօր քաղաքական բանավեճ էր նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրների, հետպատերազմյան իրավիճակի, ներքաղաքական հիմնահարցերի եւ նախընտրական զարգացումների թեմայով, որին պետք է մասնակցեին իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Սակայն բանավեճը չկայացավ այն պատճառով, որ Աղազարյանը չէր եկել եւ բանավեճի մի կողմը որպես այդպիսին չեղավ: Այս իրողությունը ֆիքսվեց հենց սկզբում ու բանախոսների միջեւ ըստ էության որոշակի իմաստով քննարկում ծավալվեց:

«Նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո կապիտուլյանտը եւ իր շրջանակը հասարակությանը ուզում են մոլորեցնել, թե ինքը խաղաղություն է բերել երկրին, որ պատերազմը բռնկվեց ոչ իր պատճառով, որ մենք պարտվեցինք էլի ոչ իր պատճառով: Ամեն դեպքում, այն վերջացավ եւ Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ ադրբեջանցիների եւ թուրքերի հետ խաղաղ ապրելու, տնտեսական հարաբերությունները բարելավելու, կոմունիկացիաները բացելու: Ինքը դիրքավորվում է որպես խաղաղարար, որ չնայած ցավալի պարտություն եղավ, բայց հիմա ունենք խաղաղություն եւ երկիրը կարող ենք կերտել,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը եւ շարունակեց. «Մենք այն ժամանակ զգուշացնում էինք, որ դա մեր պարտությունների վերջը չէ, մի պարտությունը դուռ է բացում բազմաթիվ նոր պարտությունների: Պատերազմի ավարտից 40 օր էլ չէր անցել, ադրբեջանցիները գրոհեցին եւ գրավեցին հայկական զինված ուժերի տիրապետության տակ գտնվող Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը: Մենք ունեցանք զոհեր, 60-ից ավելի գերեվարված զինծառայողներ: Ինչպե՞ս այդ մարդիկ շրջապատման մեջ ընկան, ինչպե՞ս գերեվարվեցին եւ, ընդհանրապես, ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայկական այդ երկու գյուղերը անցան ադրբեջանցիների տիրապետության տակ: Այս հարցը դեռեւս պատասխանի կարիք ունի: Եվ քանի որ դեռ մենք այդ հարցի պատասխանը չենք ստացել, չենք կարողանա հասկանալ, թե ինչու 62 հոգի գերեվարվեց, եւ այդ մարդիկ ինչու դեռեւս Հայաստան չեն վերադարձել:

Դրանից մի քանի օր առաջ թուրքերը հայտնվեցին Շուռնուխում, Կապանի օդանավակայանից մի քանի մետր հեռավորության վրա եւ այլ վայրերում, եւ դա ներկայացվեց որպես բանավոր ըմբռնման արդյունք: Այդ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի մեջ որեւէ կետ չկար, որ ադրբեջանցիները վերադառնում էին մինչեւ 1988 թվականը եղած դիրքերը: Պարզ է, որ կապիտուլյանտին ճնշել են, կամ էլի ինչ-որ այլ պատճառներով կապիտուլյանտը դրան համաձայնվել է: Հետո էլ տեսանք, որ դա ոչ միայն բանավոր համաձայնություն է, այլ կային նաեւ գրավոր արձանագրություններ:

Կապիտուլյանտը դարձյալ դա փորձեց ցույց տալ որ մենք գնում ենք հարաբերությունների նորմալացման, որ տարիներով, եթե ոչ դարերով հայերն ու ադրբեջանցիները Սյունիքում կողք-կողքի են ապրել: Մենք էլի համակերպվեցինք այդ իրավիճակին: Իսկ որ զիջման ես գնում, զիջումների շարքը երկարում է: Հիմա էլ թուրքերը հայտնվեցին Սեւ Լճի տարածքում եւ Վերին Շորժայում:

Իմ համար ակնհայտ է, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանք՝ որքան էլ փորձեն դա հերքել: Ադրբեջանցիների նպատակն է՝ լեգիտիմացնել Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ գծված վարչական սահմանը: Չնայած 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանը իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց կոնկրետ այս դեպքում նա ձգտում է վերադառնալ այդ սահմաններին: Եթե ՀՀ-ն համաձայնեց դրան, մենք կանգնում ենք Տավուշի մարզում ադրբեջանական անկլավների վերադարձի խնդիրների առջեւ: Այդպես կարող են փակվել դեպի Բերդ, Նոյեմբերյան ճանապարհները, նրանք կարող են հայտնվել նաեւ Հայաստանի կենտրոնում: Այդ ռիսկը կա: Եվ եթե կապիտուլյանտը հանկարծ գնա զիջման,  մենք կկորցնենք Հայաստանը, կլեգիտիմացնենք նաեւ Արցախի կորուստը:

Հիմա մենք կանգնած ենք գոյութենական խնդրի առաջ: Բայց հունիսի 20-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու: Եվ նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանը, տարածքը այսպես բզկտեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31