Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը առնվազն վիրավորանք է եւ իրականության հետ կապ չունի». Էդուարդ Շարմազանով

Մայիս 19,2021 16:57

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում իր ելույթում ասել էր. «Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարծում եմ, առաջին նախագահը թյուրիմացության մեջ է: Սերժ Սարգսյանն ու իր քաղաքական թիմն ապացուցել է, որ երբեք մանդատի կռիվ չի տալիս: Ես, Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, մենք մանդատի համար կռիվ չենք տվել, ցուցակները կհրապարակվեն՝ կտեսնեք: Մենք մեր կուսակցության ղեկավարին չենք գնում համոզում, որ մեր խաթր մեզ մտցրու: Եթե իր թիմակիցներն իրեն համոզել են՝ դու պայքարի մեջ մտի, որ մենք ֆրակցիա ունենանք, մենք ֆրակցիա ունենալու համար չենք պայքարում: Գրոշ չարժի ֆրակցիան, եթե Հայաստանը պետք է շարունակի իշխել Նիկոլը: Նման բան չկա: Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն 3 տարի շարունակ առանց «հովհարային անջատումների» պայքարում են այս ազգակործան կապիտուլյանտի դեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը առնվազն վիրավորանք է եւ իրականության հետ կապ չունի: Սերժ Սարգսյանի, մեր նպատակը մեկն է՝ հայրենիքը ազատենք այս կապիտուլյանտ, 5000 զոհ, 10 հազարից ավելի վիրավորում, Հադրութն ու Շուշին տված իշխանությունից: Մենք սրա համար ենք պայքարում: Եթե մանդատի համար պայքարեինք, հաստատ կգնայինք եւ փեշերից կկախվեինք, էլի: Մենք՝ ՀՀԿ-ականներս, մեր ղեկավարի փեշերից չենք կախվում, որ մեզ ցուցակ մտցնի: Հետեւաբար պարոն առաջին նախագահի գնահատականները առնվազն իրականությանը չեն համապատասխանում»:

Շարմազանովը Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողություն մաղթեց. «Լավ է ուշ, քան երբեք: Ինքն ու իր թիմը սկզբում ողջունում էին այս հեղափոխությունը, բայց հետագայում բոլորը ոնց որ գալիս են մեր կարծիքին: Իրեն էլ մաղթում եմ հաջողություն առաջիկա ընտրություններում, որպեսզի բոլորս միասնական ճակատով կարողանանք հեռացնել սրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31