Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի». Վարդան Ոսկանյան

Մայիս 19,2021 16:47

«Պետք է հստակորեն արձանագրենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է. թշնամու ուժերը կանգնած են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ուստի կարևոր է, որ Հայաստանը՝ որպես պետություն, հստակ տեղեկատվական քաղաքականություն վարի: Չէ՞ որ հենց այդ տեղեկատվական քաղաքականության հիման վրա է ձևավորվում ոչ միայն մեր հանրության կարծիքը, այլ մեր գործընկերների, փորձագետների, որոշ դեպքերում նաև պաշտոնատար անձանց կարծիքը»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում`անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի բնութագրմամբ, Իրանը հենց մեր տեղեկատվական քաոսի պատճառով չէր հասկանում ինչ է կատարվում, մինչև Անվտանգության խորհրդի կեսգիշերյան նիստը: Դրանից հետո միայն սկսեցին Իրանից պաշտոնական արձագանքները, որոնք, ըստ էության, երկուսն էին. Իրանի արտաքին գործերի նախարարությունից՝ խոսնակի մակարդակով: Այդ հայտարարությունն իրանագետն այսպես է որակում. «Նրա խոսքը զուսպ էր, կարելի էր ասել օբյեկտիվ, սակայն չէին արտացոլվել Հայաստանի տարածքը բռնազավթելու հանգամանքները»:

Դրան հաջորդեց Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը ռուսական Սպուտնիկ գործակալությանը, որում իրանական դիրքորոշումը, բանախոսի կարծիքով, արտահայտվեց ավելի բաց տեքստով: Մասնավորապես ասվում էր, որ Իրանը թույլ չի տա, որ իր հյուսիսային սահմաններին հարևան պետությունների տարածքային ամբողջականության որևէ փոփոխություն: Նաև խոսք եղավ այն մասին, որ իրանական կողմը կողմնակից է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանվի:

«Իրանական կողմի համար Հայաստանի հետ սահմանը կարևոր է նրանով, որ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերի շրջանակներում Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին կարևորվել է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը բռնազավթեց արցախա-իրանյան սահմանի մերձարաքսյան տարածքները: Ուստի, դեպի հյուսիս ելքն Իրանի համար ունի բացառիկ նշանակություն, Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական ուղիներին և իրանցիները չեն ցանկանում, որ այս այլընտրանքը կորչի կամ վտանգվի»,- ասաց Վարդան Ոսկանյանը` հավելելով, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շուրջ քննարկում եղել է ինչպես Երևանում, այնպես էլ Թեհրանում, որտեղ իրանցի նախարարը հանդիպել էր Հայաստանի դեսպանին:

«Բաքվից հնչում են հայտարարություններ, որ ստեղծվելու է զանգեզուրյան միջանցք, այս համատեքստում իրանցիները փորձում են կանխել Հայաստանի տարածքով հնարավոր միջանցքի հաստատումը, իսկ այդ միջանցքը թուրանական միջանցք է, որը պիտի Թուրքիային կապի Ադրբեջանի հետ և դուրս գա թյուրքալեզու պետությունների տարածաշրջան: Չմոռանանք թուրանական բանակի ստեղծման գաղափարը, որը Թուրքիան քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ:

Մենք պետք է դիտարկենք նաև ռուսական կողմի դիրքորոշումները, համաձայն որոնց ճանապարհները պիտի բացվեն, սակայն, միևնույն է՝ ռուսները չեն ցանկանա, որ թուրքերը հասնեն իրենց երազանքին: Սա նշանակում է, որ մենք ունենք հնարավորություն Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափով արձագանքելու ադրբեջանական ագրեսիային: Ցավալիորեն, չենք օգտվում այդ հնարավորությունից: Պատճառը մեկն է և այն Հայաստանի ներսում է. կամք չունենալը, շնորհք չունենալը, տարածաշրջանային զարգացումներին անտեղյակ լինելը: Օրինակ, ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանի երկու դաշնակիցները հայտնվել են միմյանց դեմ. Իսրայելը, որն Ադրբեջանի ամենահիմնական զենք մատակարարողն է, և Թուրքիան, որի նախագահ Էրդողանին Իլհամ Ալիևը համարում է իր եղբայրը, հակառակ դիրքեր են զբաղեցնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ, որտեղ Թուրքիան իբր փորձում է պաշտպանել արաբների իրավունքները: Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար անհարմար իրավիճակ է ստեղծվել, որից պետք է օգտվել»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի գնահատմամբ. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, իսկ այն կեղծ խաղաղասիրական կոչերը, որոնք հաճախ հնչում են, հիմնավորված չեն և բնակչությանը մոլորեցնում են: Ընդ որում, մեր բոլոր խնդիրները պիտի լուծի մեր բանակը, որովհետև հաշվի առնելով մեր և մեր դաշնակիցների ծավալները, ազգաբնակչությունը, ռազմական ներուժը, հաճախ նույն խնդիրը մեզ համար ունի կենսական նշանակություն, իսկ Իրանին կամ Ռուսաստանին հետաքրքիր չէ: Օրինակ՝ Իշխանասարի գրավումը»:

Ըստ Վարդան Ոսկանյանի, այժմ մենք գործ ունենք «սողացող բռնազավթման» հետ. «Անկախության տարիներին երբեք թշնամին չի կարողացել սողալով տիրանալ Հայաստանի ինչ-որ տարածքների: Իսկ եթե խոսենք սահմաններից, ապա նախ պետք է ֆիքսել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման միջպետական քարտեզներ չկան: Բացի այդ, 90-ականներին, երբ մենք էինք հաղթանակել, կարծես թե, ոչ ոք չէր խոսում սահմանազատման մասին: Ադրբեջանցիները միայն սպառնում էին պատերազմով»:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31