Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվել և լրամշակվել են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի կարգավորման առարկայի վերաբերյալ մի շարք դրույթներ

Մայիս 19,2021 16:41

 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի կարգավորման առարկան 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Շուշան Սարգսյանը ներկայացնում է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ընդունված փոփոխությունները, որոնք վերաբերում են  Օրենքի կարգավորման առարկային: Հիշեցնենք, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն  մայիսի 31-ին:

Օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

Շուշան Սարգսյան

Օրենքի կարգավորման առարկայի վերաբերյալ այս ընդհանուր նորմը նոր խմբագրությամբ օրենքով ըստ էության չի փոփոխվել, սակայն հստակեցվել և լրամշակվել են Օրենքի կարգավորման առարկայի վերաբերյալ մի շարք դրույթներ, որոնց կանդրադառնանք այս հրապարակմամբ:

Այսպես՝

  1. Հստակցվել է օրենքի կիրառությունը օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտների մասով

Գործող խմբագրությամբ օրենքի կիրառությունը օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտների մասով հստակ սահմանված չէ, ինչը գործնականում օրենքի մեկնաբանման խնդիրներ է առաջացնում տնտեսվարող սուբյեկտների համար։ Օրենքի կիրառության հարցն անորոշություն էր առաջացնում հատկապես օտարերկրյա սուբյեկտի մասնակցությամբ համակենտրոնացումների ընթացքում, ինչի կապակցությամբ Հանձնաժողովի կողմից տրվել է նաև պաշտոնական պարզաբանում։

Նոր խմբագրությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսվել է, որ Օրենքը տարածվում է նաև օտարերկրյա պետություններում տնտեսավարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը Հայաստանի Հանրապետությունում:

  1. Հանվել է մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ բացառությունը, ինչը հաճախ տարընկալման տեղիք էր տալիս

Գործող խմբագրությամբ օրենքում նախատեսված է, որ Օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այս դրույթը, որի նպատակն էր սահմանափակել օրենքի կիրառությունը բացառապես մտավոր սեփականության իրավունքներին ուղղակիորեն առնչվող  հարաբերությունների նկատմամբ, տարընկալման տեղիք էր տալիս՝ հաճախ հանգեցնելով տնտեսավարող սուբյեկտների կողմից սուբյեկտիվ թյուր մեկնաբանության առ այն, որ օրենքով նախատեսված արգելքները ընդհանրապես վերաբերելի չեն մտավոր սեփականության օբյեկտների կիրառմամբ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ (օրինակ, համակարգչային ծրագրերի վաճառքի իրականացման գործունեություն, հեռուստաալիքների վերահեռարձակման իրավունքի տրամադրում և այլն)։ Մինչդեռ նման մեկնաբանությունը չի բխում Օրենքի նպատակներից և հակասում է Սահմանադրությանը։ Նշված հարցը փակվեց Հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 50 արձանագրային որոշման ընդունմամբ, սակայն օրենքի նշված նորմը դեռևս տալիս է որոշակի սուբյեկտիվ մեկնաբանման առիթ, ուստի Օրենքի դրույթների միատեսակ մեկնաբանման և իրավական որոշակիության ապահովման նպատակով նոր խմբագրությամբ օրենքով մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ բացառությունը հանվել է։

      3.Սահմանվել է բացառություն անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող հարաբերությունների համար

Օրենքով կարգավորվող հարաբերություններից սահմանվել  է բացառություն անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող այն հարաբերությունների համար, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը: Այս բացառության նպատակը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների հստակեցումն է, քանի որ վերջինիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով վերապահված է անդրսահմանային շուկաներում  մրցակցության ընդհանուր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը, իսկ ապրանքային շուկան համարվում է անդրսահմանային, եթե շուկայի աշխարհագրական սահմանները ներառում են երկու և ավելի անդամ-պետության տարածք։ 

  1. Նախատեսվել են օրենքի կիրառման առանձնահատկությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում

Նոր խմբագրությամբ օրենքով նախատեսված են նաև օրենքի կիրառման առանձնահատկությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ և հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում։

Մասնավորապես, Հանձնաժողովն օրենքով նախատեսված գործառույթները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության հիման վրա:

Նոր խմբագրությամբ օրենքով նախատեսվել է, որ համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը, տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը, ինչպես նաև համագործակցության այլ  մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի նախագահի և Կենտրոնական բանկի նախագահի համատեղ հրամանով, որը պետք է ընդունվի Նոր խմբագրությամբ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում՝ մինչև հուլիսի 31-ը:

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները ևս Հանձնաժողովի կողմից իրականացվում են  համագործակցության սկզբունքի հիման վրա։

Նոր խմբագրությամբ օրենքով հստակեցվել է, որ Օրենքը չի տարածվում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտների այն հարաբերությունների վրա, որոնց կարգավորումն օրենքով վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությանը։ Նշված դրույթի նախատեսումը  պայմանավորված էր գործնականում հանդիպող այնպիսի դեպքերի քննարկման իրավասությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ, որոնք կանոնակարգվում  են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերով և որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է վերջինիս․ օրինակ, ջրամատակարարման պայմանագրի կնքմանը, հանրային ոլորտի ծառայություների հաստատված սակագներին առնչվող հարցերին։

Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը, կարելի է եզրահանգել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի կարգավորման առարկայից տնտեսական գործունեության ոլորտային բացառություններ սահմանված չեն, իսկ Օրենքի գործողության նախատեսված բացառությունները վերաբերում են Հանձնաժողովի և այլ իրավասու մարմինների լիազորությունների հստակեցմանը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31