Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

54 մեղադրյալ՝ հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քննվող քրեական գործով

Մայիս 19,2021 16:10

2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Հիշյալ դեպքերի ժամանակ Երևան քաղաքում ՀՀ վարչապետի կեցավայր ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության և 2 դրվագ փաստաթղթերի հափշտակության դեպքերի, ՀՀ Ազգային ժողովի կայանատեղիից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տրանսպորտային միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության, մի խումբ անձանց կողմից ՀՀ կառավարական թիվ 1 շենք, ՀՀ ԱԺ շենք և այնտեղ գտնվող աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կարևոր և պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-ին կետերով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225¹ հոդվածի 1-ին մասով, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելու փորձ կատարելու և նշված հանցափորձը կազմակերպելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ընդհանուր 9 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին: Դրանց շրջանակներում քննության առարկա է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը:

Բացի այդ, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ևս միացվել են վերոնշյալ գործերով վարույթին:

Նախաքննության ընթացքում 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից:

5 անձի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու ու լրացնելու արդյունքում դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կրկնակի միջնորդություններ, որոնք մերժվել են: 9 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են: 1 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է այլ խափանման միջոցով՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ  անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի անհիմն դատական ակտերի դեմ բերվել է 16 վերաքննիչ բողոք, որոնցից մասնակի կամ լրիվ բավարարվել են 2-ը, 1-ի քննությունը դեռևս չի ավարտվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անհիմն որոշումների դեմ ներկայացվել է 7 վճռաբեկ բողոք, որոնցից 1-ը բավարարվել է, և ազատ արձակված մեղադրյալը կրկին կալանավորվել է:

Միասնական վարույթով քննվող քրեական գործից 23 անձի վերաբերյալ 7 քրեական գործ անջատվել է և հաստատված մեղադրական եզրակացություններով ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Բացի վերոնշյալը, նշված քրեական գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնելիս՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, 38-332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ նույն մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկման արդյունքում դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով գործն ըստ էության չլուծող ակնհայտ անարդար դատական այլ ակտ` խափանման միջոցի ընտրության մասին որոշում կայացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նույնպես հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին և միացվել է վերոնշյալ մայր քրեական գործի հետ մեկ վարույթում:

Ներկայումս գործով մեղադրյալների թիվը 31-ն է, 1 մեղադրյալ մահացել է, կալանքի տակ է գտնվում 3 անձ: Նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում կատարվել և կատարվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, կատարվել է շուրջ 200 զննություն, 40-ից ավելի առգրավում, բնակարանի շուրջ 70 խուզարկություն, ներկայումս ևս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31