Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վիճակում են բանկերը համավարակից ու պատերազմից հետո

Մայիս 19,2021 15:48

Aravot.am-ի հարցին`քննադատություններ են հնչում, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերից ավելի շատ բանկերը շահեցին, քան տնտեսվարողները, Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սեյրան Սարգսյանը պատասխանեց. «Գիտե՞ք բանկերն ինչով շահեցին, Բանկերը կատարել են իրենց վարկավորումը, պետությունը սուբսիդավորել է հաճախորդին, ոչ թե բանկին: Այս ծրագրերի իրականացումից, բնականաբար շահել են հաճախորդները: Այստեղ բանկերի շահը ո՞րն էր: Շահն այն էր, որ վարկավորում են իրականացրել եւ շուկայում գործող այն տոկոսադրույքը, որով իրականացնում են, պետությունը դրա մի մասը սուբսիդավորել է: Այստեղ չեմ տեսնում բակի շահը` որտեղ է օգտվել»:

Մանրամասները` տեսանյութում

Սեյրան Սարգսյանն այսօր ասուլիս էր հրավիրել` բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ցուցանիշները ներկայացնելու:

Ասաց, որ այդ ժամանակահատվածում ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 17 միլիարդ դրամով կամ 1.8%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ աճել է շուրջ 51 միլիարդ դրամով կամ 5.9%-ով:

Մեկ այլ ցուցանիշով էլ վարկային ներդրումները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 64 միլիարդ դրամով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել շուրջ 265 միլիարդ դրամով: Ըստ պարոն Սարգսյանի, բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 49%-ը տնտեսությանը տրված վարկերն են, 41%-ը՝ ֆիզանձանց վարկերը եւ 10%-ը՝ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները: Նրա խոսքով, վարկերի կառուցվածքի պատկերից հստակ երեւում է, որ բանկային վարկավորման ծավալներն ավելացել են հիմնականում այն ոլորտներում, որոնք իրենց հերթին ապահովել են տնտեսական ակտիվության աճ։

Aravot.am-ի հարցին` տնտեսագետները մտահոգություն են հայտնում, որ բանկերը համավարակով, պատերազմով պայմանավորված, սկսել են ռիսկերը շատ բարձր գնահատել եւ դրանից ելնելով` տնտեսությունը չեն վարկավորում, Սեյրան Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ տեսակետը չեմ կիսում: Մեր հաճախորդներից կեսից ավելիին վարկային արձակուրդներ տրամադրվեցին: Բանկային համակարգի միջնորդական գործունեությունը տարեցտարի մեծանում է եւ մենք ունենք նաեւ առանձին վերլուծություն, որ այդ համադրությունը համադրելի է պետական արեւմտյան եվրոպական երկրների բանկային համակարգերի միջնորդության մակարդակի հետ: Իհարկե, միջնորդության մակարդակը կապված է, թե ընկերություններում յուրաքանչյուր տնտեսվարող որքան արժեք է ստեղծում ՀՆԱ-ում, ֆիզանձանց եկամուտների չափը եւ մի շարք այլ գործոնների հետ: Եվ արդյունքում այդ գործոնների առկա պայմաններում որքան պետք է լիներ բանկային համակարգի միջնորդության չափը, դա համադրելի է իմ նշած երկրների բանկային համակարգի միջնորդության չափի հետ»:

Հիշեցնենք, որ համավարակի ու արցախյան վերջին պատերազմի հետեւանքով հազարավոր վարկառուներ չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները: Սեյրան Սարգսյանի խոսքով, թեեւ ավելացել է չաշխատող վարկերի տոկոսադրույքը, բայց Հայաստանի Հանրապետությունում այդ տոկոսադրույքը դեռեւս մնում է ցածրերից մեկը` այլ երկրների հետ համեմատած. «Քանի որ մեր բանկային համակարգը մի փոքր պահպանողական է եւ վարկավորմանը շատ զգուշաբար է մոտենում, այդ ծավալը պատմականորեն ցածր է եղել»:

Ըստ պարոն Սարգսյանի, չաշխատող վարկերը 7 տոկոս են կազմում եւ դա դեռ անհանգստացնող տոկոս չէ:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31