Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը զավթել է 3230 մետր բարձրությամբ Ձագաձորի գլուխ կոչվող բլուրը, ինչը թույլ է տալիս գրեթե ամբողջովին դիտարկել Վերիշեն, Ակներ համայնքները և Գորիս քաղաքի մի մասը». Տարոն Հովհաննիսյան

Մայիս 19,2021 15:33

«ՌԴ-ն այս պահին փորձում է խուսափել իրավիճակի ցանկացած լարումից»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին Ռուսաստանի համար գերխնդիրը ստեղծված թեկուզ փխրուն կայունության, ձևավորված որոշակի ստատուս քվոյի պահպանումն է: Նա մանրամասնեց. «Ցանկացած խախտում կարող է բերել ավելի մեծ էսկալյացիայի, որտեղ ՌԴ-ն չի կարող չեզոք միջնորդի կարգավիճակով ներգրավվել՝ հաշվի առնելով իր պարտավորությունները և շահերը: Իրենք ցանկություն չունեն նման իրավիճակում հայտնվել այս ժամանակահատվածում»:

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանի գործիքակազմը Ադրբեջանի վրա ազդելու շատ ավելի թույլ է՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի գործոնը: Նա պարզաբանեց. «Այսինքն՝ իրենք այս պահին նվազագույն գործիքակազմն ունեն Ադրբեջանին կոպիտ կերպով ստիպելու ինչ-որ բան անել-չանել, բայց ավելի շատ գործիքակազմ ունեն ՀՀ-ի հետ հարաբերություններում: Ուստի իրենք ավելի գերադասում են իրենց պատկերացմամբ կայունության տեսանկյունից կտրուկ քայլեր չկատարել»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ՀՀ տարածք ներթափանցմանը՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց. «Խոսքը միայն Սև լճի մասին չէ: Սև լճի տարածքից դեպի հարավ արևելք և հարավ արևմուտք ընկած տարածքներում Ադրբեջանը զավթել է բլուրներ, որոնց խորությունը ՀՀ տարածքում կազմում է երկուսուկեսից մինչև երեք կիլոմետր: Խոսքը մի քանի բլուրների մասին է և ցածր բլուրների մասին չէ, այլ Ձագաձորի գլուխ կոչվող բլուրն է, որը տվյալ հատվածում մեծ ու փոքր Իշխանասարերից հետո երրորդ բլուրն է բարձրությամբ՝ 3230 մետր բարձրությամբ: Այդ բարձրության բլուրը թույլ է տալիս գրեթե ամբողջովին դիտարկել Վերիշեն, Ակներ համայնքները և Գորիս քաղաքի մի մասը: Այսինքն՝ ադրբեջանական զորքերը խորացել են Սև լճից բացի ևս մի քանի ուղղություններով և բավականին կարևոր տարածքներ»:

Այս փաստը հաշվի առնելով՝ Տարոն Հովհաննիսյանը պնդեց՝ այստեղ որևէ խնդիր չի կարող առաջանալ վիճելի համարվելու շուրջ: Ու արձանագրեց. «Դա խորհրդային վերջին քարտեզներով ստեղծված գծի շուրջ մի քանի մետր այս կողմ այն կողմ շարժ չէ: Խոսքը մի քանի կիլոմետրի մասին է և հստակ բարձունքների մասին: Անդրկովկասյան խորհրդային ֆեդերատիվ ժամանակահատվածում, երբ սահմանազատումներ են եղել՝ անուններով, այդ բլուրները նշված են, որ ՀՀ տարածքում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31