Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետականության խնդիրը թիվ մեկ խնդիրն է մեր առջև կանգնած». գիտաժողով ԳԱԱ-ում

Մայիս 19,2021 15:39

Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակ, գիտաժողովի նիւթեր (21-23 Մարտ 2018)» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել 2021թ-ին՝ Անթիլիասիում: Ժողովածուում ամփոփված են 2018թ-ի մարտին Անթիլիասում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովհանու ներքո անցկացված եռօրյա գիտաժողովի զեկուցում-հոդվածները, որոնք գիտաժողովին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի տասնյակ պատմաբաններ:

«Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի նախօրյակին մենք կարևորեցինք այս միջոցառումը, որովհետև պետականության խնդիրը թիվ մեկ խնդիրն է մեր առջև կանգնած: 3 տարի առաջ մենք ձեռնարկեցինք մի կարևոր միջոցառում, որպեսզին Հայոց պետականության 100-րդ տարդարձին նվիրված միջոցառումների շարքն էր: Այդ գիտաժողովն իր ձևի, բովանդակության մեջ տարբերվում էր բոլոր գիտաժողովներից իր գիտաքաղաքական կարևորությամբ»,- բացման խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության մասին բազմաթիվ հաստափոր հատորներ են գրվել, սակայն այս բոլորը բավարար չէր ասելու համար, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը հավուր պատշաճի ուսումնասիրված է:

«Մենք այս գիտաժողովով փորձեցինք ցրել այն թյուր պատկերացումը, թե Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է դատարկ հողի վրա, չի ունեցել նախապատմություն: Մինչդեռ մեր զեկուցումների մի մասը, որոնք նվիրված էին առաջին Հանարապետության հռչակման նախապատմությանը, հստակ ցույց էին տալիս, որ դրա արմատները գնում են 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ: Ժողովրդի միասնականությունը հստակ երևում էր ազատագրական պայքարի մեջ: Ժողովածուում կան բազմաթիվ զեկուցում-հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքին, հարաբերություններին հարևանների հետ, անկման պատճառներին, խորհրդային Ռուսաստան-քեմալական Թուրքիա փոխհարաբերություններին, վիճելի տարածքներին՝ Զանգեզուրին, Արցախին, Նախիջևանին»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ ժողովածուում շատ նյութեր կան 1918-1920թթ. պատմության վերաբերյալ: «Մեր խնդիրն է, ընդունելով մեր անցած հարյուրամյա ճանապարհը, ջանք գործադրել մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի կրկին անգամ չկորցնենք պետականությունը: Այսօր մեր խնդիրը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը և զարգացումը»,- ասաց նա:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31