Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ․ ՄԻՊ

Մայիս 19,2021 15:29

ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները`

1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ.

2) նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին.

3) ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով.

4) պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել.

5) ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը.

6) Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն).

7) Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելու ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում և այլն):

Հատուկ նշում` սահմանազատումն, առհասարակ, ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն: Դա նաև մարդու իրավունքների երաշխիք է:

Բայց սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկվածս պայմանները ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում:

Այսինքն` սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ:

ՀՀ քաղաքացիների ու, նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:

Հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը:

Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ:

Դա իր հերթին խաթարելու է խաղաղության ու մարդկանց անվտանգության հեռանկարները տարածաշրջանում:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31