Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշակերտներին պակասում է տղամարդկային դաստիարակությունը». Իմքայլական պատգամավորը հորդորում է դպրոցում տղամարդկանց առավելություն տալ, որ դաստիարակեն

Մայիս 19,2021 15:10

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի նախագիծը քննարկվեց՝ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Նա առաջարկում է ամրագրել, որ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում, ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:

Ինչպես նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ուսուցիչներ համալրելու խնդիր ունեն ու այս նախագիծը կօգնի նպաստել խնդրի լուծմանը:

Հակոբ Ասլանյան

Ուշագրավ էր «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի տեսակետը: Նա հորդորեց առավելություն տալ դպրոցներում տղամարդ ուսուցիչների առկայությանը. «Ես աշխատել եմ դպրոցում ու եկել եմ եզրակացության, որ մեր ներկայիս սերունդը տղամարդկային դաստիարակության պակաս է ունենում, որովհետեւ ինչքան էլ կին ուսուցչուհին խիստ լինի, կամ ուրիշ տեսակ, նա աշակերտին չի ընկալում այն տարբերակով, ինչ տարբերակով տղամարդը»: Ըստ նրա, մեր դպրոցներում աշակերտներին պակասում են տղամարդկային օրինակները, ուստի հորդորում է տղամարդ ուսուցիչների համար արտոնություններ սահմանել, որ վերականգնվի դպրոցում տղամարդ ուսուցչի առկայությունը: Նա նշեց. «Երբ ես աշակերտ էի, ուսուցիչների 50%-ը տղամարդ էր, իսկ երբ ես էի ուսուցիչ, 10 տոկոսն էր տղամարդ»: Նրա խոսքով՝ «կանացի դաստիարակություն է լինում, դրա համար կռիվները շատ են լինում»:

Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Հաճախ խոսում ենք 7-րդ գումարման ԱԺ-ի առավելությունների ու թերությունների մասին, հիմա մի ցցուն օրինակը տարակարծությունների առկայությունն է, մեր թիմային բազմակարծությունը: Նույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ տարբեր հարցերի որպես լուծում կարող են այլ պատկերացումներ ունենալ»:

Ինչ վերաբերում է Ասլանյանի հարցին՝ նա ասաց. «Ինքս չեմ պատկերացնում, որ իմ նախագծում կարող եմ զետեղել մի դրույթ, որը կարող է ընդգծի տղամարդկանց առկայությունը»: Նա ասաց, որ այդ հարցը իրավական լուծում չունի, ավելի շատ կարծրատիպային է: Բացի այդ, եթե աշխատավարձի բաղադրիչի հարցը լուծվի, ավելի գրավիչ կլինի ուսուցիչ լինելը տղամարդկանց համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31