Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պետական բուհերի ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը

Մայիս 19,2021 15:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների արդյունավետության և ոլորտի զարգացման հիմքը ֆինանսավորման նոր մոդելների մշակումն է:

«Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և  մրցունակ  մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»,-  ընդգծելով ֆինանսավորման խնդրի առաջնահերթությունը` փաստել է նախարարի տեղակալն ու հավելել, որ ներկայումս բուհերի ֆինանսավորման 90-95 տոկոս և ավելի չափաբաժինը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: Մի դեպքում ուսանողի կրթության համար վճարում է պետությունը` բուհին հատկացնելով որոշակի տեղեր պետական պատվերի շրջանակում, մեկ այլ դեպքում` ուսանողը կամ որևէ մասնավոր, բարեգործական կազմակերպություն, որը ստանձնում է բուհում սովորողի ուսման վարձի հատուցման գործառույթը: Սակայն, բոլոր դեպքերում բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նախարարի տեղակալի, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Բուհերը, ըստ էության, ֆինանսական կախվածություն ունեն ուսանողների քանակից, քանի որ ուսանողները համարվում են նրանց ֆինանսավորման հիմնական և գլխավոր աղբյուրը, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա»,- նշել է Կ. Թռչունյանը:

Նա կարևորել է օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավումը բուհերի բյուջեներում և բուհերին առաջարկել է այդ առումով լինել  նախաձեռնող: Նրա խոսքով` բարձրագույն կրթության բարեփոխումների և նախատեսվող նոր իրավական կարգավորումների մեջ ֆինանսավորման մի քանի բաղադրիչ է առանձնացվել: Կարևոր խնդիրներ են նաև առկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, որոնցից կարող են բխել նաև ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ իրատեսական առաջարկների ուղղությամբ համակարգված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհերում գործող ֆինանսավորման բանաձևերը, մասնավորապես, ըստ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության և մի քանի այլ գործակիցներ: Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են նաև մի շարք հարցեր` բուհական տարբեր մասնագիտությունների համար պետական պատվերի շրջանակում պետության սահմանած ուսման վարձի չափի, պետպատվերի տեղերի բաշխման, անվճար տեղերն ըստ ուսանողների սոցիալական վիճակի նպատակային հատկացման և մի շարք այլ խնդիրների առնչությամբ:

Բուհերի ֆինանսավորման խնդիրների շուրջ քննարկումները լինելու են շարունակական:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել