Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԱԾ-ն համապատասխան գործողություններ չի իրականացրել, նշանակում է՝ վարչապետը, մեղմ ասած, զբաղված է զրպարտությամբ». Տիգրան Աբրահամյան

Մայիս 19,2021 14:53

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Սյունիքում իրավիճակի մասին ասել էր, որ երկու տարբերակ կա՝ կա՛մ դա պայմանավորվածության արդյունք էր, կա՛մ գործող իշխանությունների ապիկարության, անգործության:

Այն, որ իշխանությունները չէին կարող անտեղյակ լինել առաջնագծի կահավորման անհրաժեշտության մասին՝ փաստ է, որովհետեւ Սյունիք հակառակորդի ներխուժումից մոտ 10 օր առաջ նույնիսկ ԱԺ հատուկ նիստում էին Փաշինյանին զգուշացնում դրա մասին: «Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Սյունիքում ու Գեղարքունիքի մարզում ունե՞նք կահավորված առաջնագիծ՝ Փաշինյանը բարկացավ. «Միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղով չարժե հարձակվել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը հարցին՝ Սյունիքը մեր դարպասն է, դուք ինչպե՞ս եք դիտարկում մի տարբերակ, որ կարող է չգիտակցեին ու չկահավորեին այս 6 ամիսներին առաջնագիծը՝ պատասխանեց. «Նախ, այն, ինչի մասին խոսում էր Թագուհի Թովմասյանը, որեւէ ձեւով պետական, ծառայողական գաղտնիք չէր հանդիսանում: Ադրբեջանը այսօր հնարավորություն ունի հետախուզման տարբեր միջոցներով հայթայթել այդ տեղեկատվությունը: Երկրորդը՝ այն, որ Ադրբեջանը այդ ուղղություններով անցում է կատարել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինքը դրա մասին եղել է տեղեկացված, այդ սահմանները վաղուց արդեն ուսումնասիրված, հետախուզված են եղել: Սրա հետ կապված նաեւ եղել են բազմաթիվ հրապարակային հայտարարություններ: Ես ինքս դեկտեմբերին, հունվարին, փետրվարին բազմիցս հայտարարել եմ, որ գլխավոր խնդիրը սահմանների այն հատվածների կահավորումն է, որտեղ նոր իրողություններով պայմանավորված չենք ունեցել համապատասխան բնագծեր: Համոզված եմ, որ ԶՈՒ-ն, ՊՆ համապատասխան անձինք հասկանում են այս նվազագույն խնդիրները, բայց ցավալիորեն 6 ամսվա ընթացքում դա որեւէ ձեւով չի կարգավորվել: Այսինքն, այս իրավիճակում չենք կարող դիտարկման չենթարկել նաեւ դիտավորյալ որեւէ պայմանավորվածության, կամ շահագրգռության պայմաներում սահմանների այս հատվածը չկահավորելու տարբերակը»:

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կան ուժեր, որոնք պրոադրբեջանական քարոզչություն են տանում, մեր երկրում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ:

Հարցին՝ դուք այս քննադատությունն ընդունո՞ւմ եք ու եթե այդպիսի համոզմունք կա, որ մեր երկրում հակառակորդի գործակալներ են, հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն չի զբաղվում՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Նման հայտարարություն անելուց առաջ վարչապետը պետք է ոչ միայն հիմնավորումներ ունենար, այլ բերման ենթարկված, ձերբակալված, կալանավորված նմանատիպ անձինք: Դա լուրջ մեղադրանք է ու վարչապետի թիմակիցները դրանից մեկ օր առաջ փորձել էին մասնավորեցնել, թե ում մասին է խոսքը, ինչ պայմաններում: Եթե ԱԱԾ-ն համապատասխան գործողություններ չի իրականացրել, նշանակում է՝ վարչապետը, մեղմ ասած, զբաղված է զրպարտությամբ: Երկրորդը՝ ադրբեջանական տիրույթից Հայաստան հոսող տեղեկատվության առաջին մեղավորը պետական տարբեր մարմիններն են, որոնք ժամանակին օպերատիվ ու օբյեկտիվ, համակողմանի տեղեկատվություն չեն ներկայացնում: Արդյունքում ստեղծվում է տեղեկատվական վակուում ու տարբեր քաղաքացիներ ստիպված են լինում օգտվել ադրբեջանական ԶԼՄ-ների արտադրած նյութերից: Իհարկե, դա մեզ համար տեղեկատվական անվտանգության տեսանկյունից մեծ սպառնալիք է ներկայացնում, բայց սրա պատճառը պետք է փնտրել պետական մարմինների, պաշտոնատար անձանց գործունեության մեջ: Նման հայտարարություններ առաջին անգամ չեն հնչում, բայց պատերազմական օրերից սկսած մինչեւ վերջին էսկալացիայի ժամանակ արձանագրվում է, որ պաշտոնական մարմինները, պետական մարմինները իրենց աշխատանքը տեղեկատվության ապահովման պատշաճ չեն իրականացնում, ստեղծված անվտանգային սպառնալիքների պատասխանատուն հենց գործող իշխանություններն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31