Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյանը` Նոբելյան մրցանակակիրների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եղած ՀՀ միակ գիտական արժեքի մասին

Մայիս 19,2021 14:44

«Բյուրական աստղադիտարանը ինտենսիվ կերպով սկսեց միջազգային հայտնի աստղագետների հրավիրել մեր աստղադիտարանի ներքին սեմինարներին, մենք այս տարի հրավիրել ենք շատ խոշոր դեմքերի եւ արդեն բավականին լավ արձագանքներ կան: Ընդամենը երկու շաբաթ առաջ մեզ մոտ սեմինարում հանդես եկավ Նոբելյան մրցանակակիր Ռայնհարդ Գենցելը, մի Նոբելյան մրցանակակիր նույնպես գրանցվել է, որը ելույթ ունենա հունիսին, լինելու է նաեւ Եվրոպական միացյալ աստղադիտարանի գլխավոր տնօրեն Քսավիեր Բարկոնսը ու էլի շատ հայտնի գիտնականներ»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Չգիտեմ, գուցե հումորով հնչի, բայց համավարակը նպաստել է, որ այլընտրանքային լուծումներ որոնենք եւ դրանց մեջ ավելի լավ քայլեր անենք, քան առաջ էինք անում: Մի մեծ նախաձեռնություն էլ կա, ուզում ենք աստղագիտության թանգարան հիմնադրել, բայց դրա համար դեռեւս գումարները չկան, եւ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դժվար թե մեր ուժերը դրան հերիքեն: Փոխարենը մի փոքր սենյակ հատկացրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր արժեքի համար կենտրոն ստեղծելուն:

Բյուրականի աստղադիտարանը կարողացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների ցանկում իր աշխատանքներից մեկը գրանցել, դա մեր երկրորդ մեծ գիտնական Բենիամին Մարգարյանի կողմից իրականացված լայնածավալ աստղագիտական որոնողական աշխատանքն է, որն անվանում ենք շրջահայացություն: Բենիամին Մարգարյանի շրջահայացության լուսանկարչական թիթեղներն իրենց վրա ունեցած տեղեկատվությամբ այնպիսի եզակի արժեք են ներկայացնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է մեր հայտը, եւ այն դեռեւս 2011-ին գրանցվել: Դա Հայաստանից միակ գիտական արժեքն է: Զարմանալի է, որ ամբողջ աշխարհում այդքան շատ չեն գիտության արժեքները` ՅՈՒՆԵՍԿO-ի ցանկերում, հիմնականում պատմամշակութային արժեքներ են»,-ընդգծեց Արեգ Միքայելյանը:

Ապա անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցի հեղինակությանը` փաստեց. «Եթե, օրինակ, ես մեկին խորհուրդ տամ, ասեմ` գնացեք այս կամ այն արժեքները նայելու, դա կլինի իմ անձնական կարծիքը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների միջոցով խիստ ընտրություն է կատարում, բոլորը վստահում են նրան` եւ տուրիստական գործակալություններ, եւ մշակութային գործիչները:

Հայաստանից մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում 12 արժեք ունենք, մինչդեռ կարող էր 100 արժեք լինել, եթե լավ աշխատեին: Օրինակ կարող էինք հնագույն աստղագիտության ոլորտում ժայռապատկերները ներկայացնել, դա հաստատ կանցներ, մեր օրացույցը, գուցե նաեւ Զորաց քարերը,որովհետեւ դրանք բոլորը եզակի են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` wikipedia.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31