ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են՝ հետեւելու Հայաստանում նախընտրական շրջանին եւ հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆին։
Նա տեղեկացրեց, որ առաքելությունը կազմված է լինելու 11 երկրներից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9-ը մասնակից պետություններ, նրանք աշխատելու են Երեւանում։
«Մենք նաեւ խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որպեսզի իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26- ից։ Մենք նախատեսում ենք նաեւ ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել, որպեսզի Հայաստան ուղարկեն 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետեւեն ընտրական գործընթացին»,-ասաց պարոն Մերֆին։
Կարդացեք նաև
Դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց կհրապարակի, իսկ ընտրությունների հաջորդ օրը մամուլի ասուլիսով կներկայացնի ընտրությունների վերաբերյալ նախնական եզրահանգումներն ու բացահայտումները։ Առաքելության վերջանական հաշվետվությունը հրապարակվելու է երկու ամիս անց։
Լրագրողների հարցին՝ վերջերս օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, դրանք ինչպե՞ս կարող են ազդել այս արտահերթ ընտրությունների վրա, պարոն Մերֆին պատասխանեց՝ առաքելությունն այսօր է սկսում աշխատանքները, եւ այս պահին հարցի վերաբերյալ չեն կարող դիտարկումներ ներկայացնել․«Ընթացքում ուսումնասիրելու ենք օրենսդրությունը, միջազգային չափանիշներին դրա համապատասխանությունն ու կիրարկումը։ Մեր վերջնական հաշվետվությունում կներկայացնենք մեր բոլոր դիտարկումները»։
Հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունն հաշվի առնելով, ինչպե՞ս կարող են ընթանան ընտրական գործընթացները, ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանել, այս հարցին ի պատասխան էլ պարոն Մերֆին ասաց․ «Մենք նոր ենք եկել Հայաստան, այսօր 2-րդ օրն է։ Երեկ մենք քաղաքավարության այց ունեցանք եւ հանդիպեցինք արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ, նաեւ հանդիպել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Հայաստան մեր ժամանումից սկսած մինչեւ ընտրության օրն ու դրանից հետո դիտարկելու ենք տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես մենք դիտարկելու ենք, թե օրենսդրության պահանջներն ինչպես են կիրարկվում, ՀՀ-ն իր ստանձնած պարտավորություններն իրականացնում։ Մենք դիտարկելու ենք այս գործընթացը, եւ ես չեմ կարող հիմա ենթադրություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ