Վերջին շրջանում շատ են մտահոգություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետության որ նախագահի (ներկա փուլում վարչապետի) կառավարման ժամանակաշրջանում է տեղի ունեցել ամենամեծ արտագաղթը Հայաստանից։ Բնականաբար պետք է հաշվի առնել նաև ժամանակահատվածները, քանի որ նախորդ դարի 90-ականների սկզբի իրադարձությունների հետևանքով տեղի ունեցած արտագաղթն ամենամեծն է եղել։ 1994թ․ հաջորդած տարիներին ևս տեղի ունեցած արտագաղթի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը զրկվել է հսկայական մարդկային ներուժից, որի հետևանքները ներկայումս ցայտունորեն արտահայտվում են։
Արտագաղթի խնդիրն այն է, որ դրա ցուցանիշները ներկայացնելու համար, երբեմն, օգտագործվում են ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների տվյալները, որոնք բուն միգրացիայի ցուցիչ չեն, սակայն այդ տվյալները ևս օգտագործվում են միգրացիայի մնացորդի հաշվարկման ժամանակ։ Հնարավոր է, որ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի ընդհանուր ցուցանիշը լինի դրական, սակայն միգրացիոն սալդոն՝ բացասական։ Եվ սրանից հետևում է այն ընկալումը, որ տեղի է ունեցել ներգաղթ, թեև միգրացիոն սալդոն ցույց է տալիս հակառակը։ Այս պարագայում, բնականաբար, միգրացիայի գնահատման ցուցիչ է համարվում միգրացիայի մնացորդի ցուցանիշը, որը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում միայն 2020թ․ է դրական եղել, այն էլ կորոնավիրուսի հետևանքով փակ սահմանների և տեղաշարժերի սահմանափակման արդյունքում։
Աղյուսակ 1․ Մշտական բնակչության թվաքանակի փոփոխության բաղադրիչները 1992-2020թթ. (հազ․ մարդ)
Տարի | Բնակչության թվաքանակը տարեսկզբին | Ընդհանուր հավելաճ | Բնական հավելաճ | Միգրացիայի մնացորդ | Բնակչության թվաքանակը տարեվերջին | Տարեկան հավելաճ/նվազումԿարդացեք նաև%
|
1992 | 3633,3 | -169,6 | 44,7 | -214,3 | 3463,7 | -4,67 |
1993 | 3463,7 | -107,0 | 31,6 | -138,6 | 3356,7 | -3,09 |
1994 | 3356,7 | -96,4 | 26,5 | -122,9 | 3260,3 | -2,87 |
1995 | 3260,3 | -11,5 | 24,1 | -35,6 | 3248,8 | -0,35 |
1996 | 3248,8 | -2,8 | 23,2 | -26,0 | 3246,0 | -0,03 |
1997 | 3246,0 | -7,8 | 20,0 | -27,8 | 3238,2 | -0,24 |
1998 | 3238,2 | -6,1 | 16,2 | -22,3 | 3232,1 | -0,19 |
1999 | 3232,1 | -5,2 | 12,4 | -17,6 | 3226,9 | -0,16 |
2000 | 3226,9 | -11,6 | 10,3 | -21,9 | 3215,3 | -0,36 |
2001 | 3215,3 | -7,0 | 8,1 | -15,1 | 3208,3 | -0,22 |
2002 | 3208,3 | -17,1 | 6,7 | -23,8 | 3191,2 | -0,53 |
2003 | 3191,2 | -17,4 | 9,8 | -27,2 | 3173,8 | -0,55 |
2004 | 3173,8 | -17,8 | 11,8 | -29,6 | 3156,0 | -0,56 |
2005 | 3156,0 | -19,2 | 11,1 | -30,3 | 3136,8 | -0,61 |
2006 | 3136,8 | -19,4 | 10,4 | -29,8 | 3117,4 | -0,62 |
2007 | 3117,4 | -20,1 | 13,3 | -33,4 | 3097,3 | 0,64 |
2008 | 3097,3 | -20,5 | 13,8 | -34,3 | 3076,8 | -0,66 |
2009 | 3076,8 | -21,6 | 16,8 | -38,4 | 3055,2 | -0,68 |
2010 | 3055,2 | -20,7 | 16,9 | -37,6 | 3034,5 | -0,68 |
2011 | 3034,5 | -13,1 | 15,4 | -28,5 | 3021,4 | -0,43 |
2012 | 3021,4 | +5,5 | 14,9 | -9,4 | 3026,9 | -0,18 |
2013 | 3023,9 | -9,8 | 14,6 | -24,4 | 3017,1 | -0,32 |
2014 | 3017,1 | -6,5 | 15,3 | -21,8 | 3010,6 | -0,22 |
2015 | 3010,6 | -12,0 | 13,9 | -25,9 | 2998,6 | -0,40 |
2016 | 2998,6 | -12,5 | 12,4 | -24,9 | 2986,1 | -0,42 |
2017 | 2986,1 | -13,4 | 10,6 | -24,0 | 2972,7 | -0,45 |
2018 | 2972,7 | -7,4 | 10,8 | -18,2 | 2965,3 | -0,25 |
2019 | 2965,3 | -5,6 | 9,8 | -15,4 | 2959,7 | -0,19 |
2020 | 2959,2 | 4,4 | 3,3 | 1,1 | 2964,3 | +0,20 |
Ինչ վերաբերում է 2020թ․ գրանցված դրական ժողովրդագրական գործընթացներին, ապա Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է մշտական բնակչության թվաքանակի աճ: 1991թ․-ից ի վեր առաջին անգամ, նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակ սահմանների պայմաններում Հայաստանում գրանցվել է միգրացիայի մնացորդի դրական ցուցանիշ, որը կազմել է 3300 մարդ։ Ընդ որում, 2018թ․ միգրացիայի մնացորդը բացասական էր՝ 18,2, իսկ 2019թ․՝ 15,4 հազար մարդով: Բնական հավելաճի, ինչպես նաև միգրացիոն դրական ցուցանիշի շնորհիվ է, որ Հայաստանի բնակչությունը 2020թ․ աճել է 4400 մարդով և տարվա վերջին կազմել է 2964,1 հազար մարդ:
Հայաստանի Հանրապետության բնական շարժի ցուցանիշները 2017-2020թթ․ (հազ․ մարդ) | ||||
2017 | 2018 | 2019 | 2020 | |
Բնակչության թիվը | 2972,9 | 2965,1 | 2959,2 | 2964,1 |
Ծնվածներ | 37699 | 36574 | 36041 | 36448 |
Մեռելածիններ | 637 | 632 | 605 | 450 |
Մահացածներ | 27367 | 25645 | 26252 | 35571 |
Բնական հավելաճ | 10332 | 10857 | 9879 | 1077 |
Ամուսնություն | 15214 | 14822 | 15561 | 12179 |
Ամուսնալուծություն | 3940 | 3819 | 3879 | 3155 |
Սահմանահատումների
ելքի և մուտքի հաշվեկշիռ, որից |
||||
Ընդհանուր | -26897 | 15313 | -6529 | 12093 |
ՀՀ անձնագրերով | -36191 | -4588 | -4585 | 42786 |
1․ Ծնվածներ
2020թ․ բնակչության շարժի դրական դրսևորումներից է ծնունդների բացարձակ թվի աճը, որը 2019թ․ համեմատ աճել է 1,1 տոկոսով կամ 407 երեխայով և կազմել 36․448 երեխա: Ընդ որում, ծնունդների ընդհանուր թվի 52,3 տոկոսը տղաներ են, իսկ 47,7-ը՝ աղջիկներ: Ծնունդների թվաքանակի աճի նախապայման է դիտարկվում վերարտադրողական տարիքի մարդկանց դրական սպասումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2020թ․ հուլիսի 1-ից մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերից, մասնավորապես 1-ին և 2-րդ երեխայի բարձրացված միանվագ դրամական նպաստից օգտվելու համար (1-ին երեխայի պարագայում՝ 50 հազար դրամ և 2-րդի պարագայում՝ 150 հազար դրամ, որը դարձավ 300 հազար դրամ) ծնողները, հնարավոր է, երեխայի ծնունդը պլանավորել էին 2020թ․ հուլիսի 1-ից հետո։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2020թ․ 1-ին կիսամյակում ծնունդների բացարձակ թիվը նվազել է 181-ով, իսկ 2-րդ կիսամյակում աճել է 588-ով, որոնց տարբերությունն էլ 2020թ․ գրանցված 407 երեխայի հավելաճն է։ Միաժամանակ, հարկ է նշել, որ կորոնավիրուսն ու Արցախյան 2-րդ պատերազմը որևէ ազդեցություն չեն ունեցել ծնունդների վրա, քանի որ կորոնավիրուսի համավարակի տարածման պահին, այսինքն 2020թ․ մարտ ամսից հաշվարկած մինչև տարեվերջ, ծնունդներն արդեն իսկ պլանավորված էին։
3․ Մեռելածիններ
Հարկ է նշել, որ վերջին տարիներին, նաև բժշկական ծառայությունների որակի բարձրացման հետևանքով մեռելածին նորածինների թվաքանակի կրճատում է դիտարկվում։
4․ Մահացածներ
Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն ավելացրեցին մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 35,1 տոկոսով կամ 9185 մարդով: Մահացածների այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1988թ․, երբ Սպիտակի երկրաշարժի հետևանքով Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 35567 մարդու մահ: Մահացությունների աճի հիմնական պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թվի ավելացումը՝ 2987-ով, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 841-ով, կորոնավիրուսից՝ 3405 մարդ և հիվանդացության ու մահացության արտաքին պատճառներից՝ 2136-ով ավելի գրանցված դեպքով: Ընդ որում, հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից բաժնում մահերի 2291 դեպք գրանցվել է Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ։
5․ Բնական հավելաճ
Մահերի վերոնշյալ աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1991թ․-ից ի վեր արձանագրված բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020թ․ կազմել է 1077 մարդ և նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 8778 մարդով:
6․ Ամուսնություն և ամուսնալուծություն
Կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն ազդել են նաև պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվաքանակի վրա և 2020թ․, ի տարբերություն 2019թ․, նվազել է 3382 դեպքով և կազմել 12719 ամուսնություն: Նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կրճատվել է 725-ով և կազմել է 3155 դեպք:
7․ Ելքի և մուտքի հաշվեկշիռ
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակ սահմանների և մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին տնտեսական և սոցիալական դժվարությունների հետևանքով ՌԴ-ից մեր հայրենակիցների մեծ ներհոսքով պայմանավորված՝ 2020թ․, 2011թ․-ից ի վեր առաջին անգամ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի՝ ՀՀ փաստաթղթերով գրանցումներն ունեցել են դրական ցուցանիշ՝ 42․786 մարդ: 2019թ․ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական էր 6529 մարդով:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)