«Հաշվի առնելով Ադրբեջանի կեցվածքը՝ չի բացառվում իրավիճակ, որ հարցն ուժով լուծվի։ Ամեն ինչ պետք է անենք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի շփման գծում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժմանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականներին, թե կառույցը հապաղում է, Հովիկ Աղազարյանը նշեց․ «Հապաղելու խնդիր չկա, նման միջադեպերը․․․սա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից գնահատել որպես ռազմական գործողություն։ Նման խնդիրները ՀԱՊԿ-ում պետք է քննարկման որոշակի փուլ անցնեն, նոր գնահատական տրվի, հետո՝ իրականացվեն գործողություններ»։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Ադրբեջանը ՀՀ տարածքն ազատելու դիմաց նախապայմանն է դնում, Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ նախապայմաններ չկան․ «Ադրբեջանի կեցվածքն այն է, որ ըստ իրենց քարտեզների՝ դա իրենց տարածքն է։ Բայց համադրելով մեր քարտեզները եւ ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները՝ այս պահին հստակեցված է, որ դա հայկական տարածք է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ