Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսություն էր աստղադիտարան հիմնադրելը». Արեգ Միքայելյան

Մայիս 19,2021 13:42

«Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է հիմնադրման 75-ամյակը: Իհարկե, 1946թ. նոյեմբերին ԳԱԱ հրամանով է ստեղծվել Բյուրականի աստղադիտարանը, բայց մենք ամբողջ տարին դիտարկում ենք որպես հոբելյանական, այնպես որ ամիսն այդքան էլ կարեւոր չէ: Իրականում, 1947թ գարնանից նոր սկսվել են շինարարական աշխատանքները, որոշ դիտակներ տեղադրվել ու սկսվել ուսումնասիրությունները»,- «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ասում են` առաջին ամիսներին այնտեղ ոչինչ չի եղել, շատերը հարցնում են, թե ինչու է Վիկտոր Համբարձումյանը հենց այդ վայրն ընտրել: Բնականաբար, մարդկանց մեծ մասը գիտի, որ որքան բարձր լեռնային պայմաններ են, այնքան նոսր է մթնոլորտը, եւ աստղագիտական դիտումներն ավելի ձեռնտու է կազմակերպել այդպիսի միջավայրերում: Աշխարհում էլ կարեւորագույն աստղադիտարանները գտնվում են բարձր լեռնային պայմաններում: Իհարկե, լրացուցիչ պայմաններ էլ կան, եւ այդ ամենը միասին կոչվում է աստղակլիմա: Շատ հաճախ մի քանի տարի ուսումնասիրում են տեղանքը, նոր հետո են աստղադիտարան կառուցում:

Բյուրականի ընտրությունը պայմանավորված էր հենց այդ պայմաններով, մյուս կողմից էլ պատերազմից հետո ավերված երկրում հերոսություն էր մեր ղեկավարության կողմից աստղադիտարանի կառուցումը: Իհարկե, առաջինը Վիկտոր Համբարձումյանի ներդրումն էր, որ կարողացան պատերազմից հետո հիմնադրել աստղադիտարանը: Բոլորս հասկանում ենք, որ երկրի ֆինանսական հնարավորությունները չէին կարող անսահման լինել, եւ ցանկացած վայրում կառուցել աստղադիտարան, որովհետեւ անհրաժեշտ էին նաեւ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհ, էլեկտրականություն, գազ, ջուր: Ընտրությունը կատարվեց Բյուրականի մոտ, որպեսզի Բյուրական գյուղն էլ իր խղճուկ ենթակառուցվածքներով գոնե մի փոքր աջակցեր:

Հայտի է, որ առաջին տարիներին աստղագետները հենց գյուղի տներում էին ապրում, գյուղացիները մեր հիմնադիր աստղագետներին օգնում էին, անգամ կերակրում: 1950թ առաջին շենքը կառուցվեց այդտեղ, այնուհետեւ 1956թ, երբ ամբողջ համալիրը պատրաստ էր, նոր կազմակերպվեց պաշտոնական բացումը` միջազգային գիտաժողովով: Պաշտոնական բացումը փաստորեն եղավ հիմնադրման որոշումից 10 տարի անց»,-պարզաբանեց Աստղադիտարանի տնօրենը:

Արեգ Միքայելյանի ձեւակերպմամբ, Բյուրականի աստղադիտարանը փառապանծ ուղի է անցել: Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես են ուզում նշել աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը: «Բոլորս հասկանում ենք, որ այնպիսի տարի չէ, եւ այն պայմաններում չի Հայաստանը, որ տոնակատարություն կամ ուրախանալու առիթ ստեղծենք, բայց կարծում ենք, որ պետք է մեր պարտքը մատուցենք այս հիմնարկին ու հայ գիտությանը»:

Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ ամենակարեւոր գործը, որ ուզում են անել աստղադիտարանի պատմությանը եւ գիտական նվաճումներին նվիրված գրքի հրատարակումն է. «Այդպիսի գիրք երբեք չի հրատարակվել, ի դեպ սա պետք է քննադատաբար ներկայացնել, որովհետեւ աշխարհի բոլոր գիտական հիմնարկներն ու աստղադիտարանները ցանկացած առիթով ունեն այդպիսի գիրք` հաշվետվության տեսքով, որը հպարտությամբ ներկայացնում են բազմաթիվ նկարներով, գիտնականներով: Հիմա առիթ է, եւ մենք էլ ենք ուզում ներկայացնել: Աշխատանքների կեսը կատարված է: Մեր գիրքը երկու մասից է բաղկացած լինելու` մեկը` գիտական արդյունքներ, մյուսը ներառելու է մնացած տեղեկատվությունը»:

Նա կարծում է, որ 75-ամյակը հավանաբար սեպտեմբերին կնշեն, որովհետեւ այդ ժամանակ միջազգային գիտաժողով են նախատեսում` «Աստղագիտությունը միջճյուղային եւ բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով: Արեգ Միքայելյանն ասում է, որ աստղագիտությունը գիտությունների առաջատարն է,օրինակ, որքան էլ երկրաբանությունը զարգացել է երկրի վրա, միեւնույն է, տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի մեծ հեռանկարներ են բացվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31