«Չեմ կարծում, որ հենց այսօրվա բանակցություններն ինչ-որ արդյունք կտան»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ամրագրված էր. «Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին»:
Մայիսի 19-ի բանակցություններից արդյունք չսպասելու իր այս մոտեցումը Ռուբեն Մեհրաբյանը պատճառաբանեց նրանով, որ խաղի մեջ ՌԴ-ն է, իսկ այն միանգամայն այլ օրակարգ է փորձում կողմերի ուշադրությանն արժանացնել, որը բավականին վտանգավոր է: Նա պարզաբանեց. «Դա սահմանների սահմանագծումը ու սահմանազատումն է: Սա ես որակում եմ որպես բավականին կեղտոտ խաղ, քանի որ եթե խնդիրները լուծված չեն գլոբալ առումով, անցնել սահմանագծման և սահմանազատման, նշանակում է զրոյական գումարով մի նոր՝ այսպես ասած խաղ սանձազերծել: Առաջարկողը բոլոր արբիտրաժային որոշումների իրավունքները և հնարավորությունները փորձում է վերապահել իրեն: Այս, այսպես կոչված, անպարկեշտ առաջարկությանը հայկական կողմը ոչ թե պետք է չէ ասի, այլ առաջարկի, որ դա պետք է արվի բացառապես միջազգային մեխանիզմներով: Այստեղ պետք է ներառվեն նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները: Այս հարցը պետք է դիտարկվի համալիրում՝ այլ հարցերի հետ մեկտեղ: Կողմերը պետք է պարտավորություններ ստանձնեն»:
Ռուբեն Մեհրաբյանի համար իր բնորոշմամբ՝ ռուսական կողմի «բացառիկ առաջարկությունները բացառիկ միջնորդությամբ ուղղակի անընդունելի են»:
Կարդացեք նաև
Իսկ թե առաջիկայում խոշոր հաշվով ինչ զարգացումներ են սպասվում, Ռուբեն Մեհրաբյանն այս առիթով ասաց. «Լարվածության աճը կապում եմ նաև Ադրբեջանի ցանկության հետ՝ ՀՀ-ում իրավիճակը պահել պերմանենտ լարվածության ռեժիմում, և դա բխում է նաև ռուսների շահերից: Որքան թույլ, խոցելի, կամազուրկ է Հայաստանը, այնքան ռուսների կողմից չակերտավոր փրկելու առիթները մեծանում են: Իսկ ՌԴ-ին ամբողջ տարածաշրջանում պետք է բացառիկ ազդեցություն, իսկ դա ստացվում է միայն չակերտավոր փրկելով: Այդ իմաստով ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունը պետք է ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակություններ գտնի իր մեջ՝ ստանդարտ պատկերացումներից և ստանդարտ պարադիգմերից դուրս և առաջնորդվի բացառապես ՀՀ ազգային անվտանգության շահերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ