Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքներում աճեցրած արտադրանքը առաջարկում են, որ գնի պետությունը. Սոֆյա Հովսեփյանի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Մայիս 19,2021 13:20

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆյա Հովսեփյանի հեղինակած նախագիծը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին:

Նախագծով պատգամավորներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա»:

Երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձեւը, ինչպես նաեւ երաշխավորված գնման ենթակա արտադրանքի միավորի գինը, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը պետք է սահմանի կառավարությունը:

Վահե Ղալումյանը հարցրեց՝ եթե սեպտեմբերին, օրինակ, կարտոֆիլի գինը ֆիքսեն 120 դրամ, հետո կարտոֆիլի գինը շուկայում դառնա 60 դրամ, «Արթ լանչին» պետությունը ո՞նց պիտի պարտավորեցնի բանակին կարտոֆիլ մատակարարելիս գնի ոչ թե 60, այլ 120 դրամով: Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այստեղ գումարի խնդիր չի, բյուջեից ավելի գումար չի ծախսվի, ընդամենը պետք է բանակին սնունդ մատակարարողներին պարտավորեցնել գնել ոչ թե, օրինակ, իրանական գազար, այլ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում աճեցրած:

«Իմ քայլից» Ծովինար Վարդանյանը հարցրեց՝ եթե ոչ թե սահմանամերձի բնակիչը, այլ ուրիշը երաշխավորված գնորդ գտնի ու այդ արտոնությունից օգտվի ո՞նց եք ռիսկերը վերահսկելու: Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ եթե ինչ-որ մեկը գնա սահմանամերձ համայնքում թեկուզ 10 հա հող գնի, այգեգործությամբ զբաղվի, էլի աշխատատեղեր կլինեն: Բայց սահմանամերձ համայնքում ներդրումների օրենքով ամրագրված է, որ պետք է ունենա տվյալ գյուղի գրանցում, թեեւ երեւանցին էլ սահմանամերձ գյուղում եթե ուզենա ներդրում անել, վատ չի լինի:

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ասաց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նախագծի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակիչներին տալ սոցիալական աջակցության նոր երաշխիքներ, բարելավել բնակիչների տնտեսական պայմանները, խթանել զբաղվածությունը եւ այլն. «Նորմատիվ իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել ակտի ընդունման անհրաժեշտությունը, քաղաքականությունը, ակնկալվող իրական արդյունքը: Նախագծից հնարավոր չէ ենթադրել արդյունավետությունը: Հստակեցման կարիք ունի պետության կողմից ստանձնված երաշխավորման բնույթը»:

Վարոս Սիմոնյանն ասաց, որ կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին այլ արտոնություններ է տալիս:

Սոֆյա Հովսեփյանը արձագանքեց, որ դրանք մատչելի չեն ու կարող է մեկ առ մեկ ասել, թե որ գյուղից քանի հոգի է օգտվել այդ արտոնություններից: Նա ասաց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պետք է տալ իրական արտոնություններ, որովհետեւ անվտանգային խնդիրներ ունենք: Սոֆյա Հովսեփյանը հորդորեց պատգամավորներին միասին գնալ սահմանամերձ համայնքներ ու տեսնել, թե իրենց տված արտոնություններից ովքեր են իրականում օգտվում: Ու եթե դրան դեմ չեն՝ զուտ զբաղվածություն ապահովելու համար, ապա պետք է նաեւ իրենց այս առաջարկին դեմ չլինեն:

Իմքայլականները, այնուամենայնիվ, դեմ էին: Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31