ԱՄՆ պետքարտուղարության՝ ճամփորդությունների դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Հայաստան՝ պայմանավորված համավարակային իրավիճակով:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Հայաստանը համարել է 4-րդ մակարդակում գտնվող երկիր, այսինքն համավարակային իրավիճակը գնահատել է որպես «շատ բարձր»:
Հայտարարության մեջ ԱՄՆ քաղաքացիները զգուշացվում են նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ պայմանավորված վերջերս այնտեղ տեղի ունեցած ռազմական գործողություններով:
«2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում տեղի ունեցած ինտենսիվ մարտերից հետո այնտեղ դեռ գրանցվում են զոհեր: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտահերթ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, քանի որ մուտքը սահմանափակ է:
Կարդացեք նաև
Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակցող ճանապարհներին: Մենք գիտենք, որ ճանապարհի որոշ հատվածներ առանց նախազգուշացման [նշանի-խմբ.] կարող են հատել միջազգային սահմանները: Ճանապարհներին կարող են լինել հսկիչ կետեր կամ փակ լինեն ճամփորդության համար՝ առանց զգուշացման»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ