Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրը պահանջ ունի ուժեղ տղայի: Եվ, որպեսզի այդ հիշատակը վառ պահվի, ես մտել եմ քաղաքականություն»

Մայիս 19,2021 11:20

«Առավոտի» զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

– Պարո՛ն Թարվերդյան, բիզնեսից՝ քաղաքականություն: Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել քաղաքական գործընթացներին: Ձեր խոսքում նշում եք՝ Ձեզ տեսնում եք երկրի վարչապետ՝ հաշվի առնելով Ձեր կրթությունը, կյանքի փորձը: Բայց մի բան է բիզնեսում լինել, մեկ այլ բան՝ ստանձնել երկրի անվտանգության, արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնախնդիրները լուծելու առաջնորդի դերը:

– Քաղաքական դաշտը ձեւավորում են երկրի ապագայով մտահոգված անձինք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում կերտել ապագան, փոփոխել օրենսդրական դաշտը, արտաքին աշխարհի հետ ստեղծել հարաբերություններ, այսինքն՝ որոնք պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար:

Երեւի Աստված պատրաստել է ինձ այս պահի համար: Ես միշտ ինքնաքննադատությամբ եմ իմ անձին վերաբերվում: Այն ինչ ուրիշների համար փայլուն է, ես ասում եմ՝ ոչինչ էր, էլի տեղ կա աճելու:

Պատերազմն ինձ վրա շատ ծանր անդրադարձավ: Այդ օրն անգամ բարձր ձայնով լացելիս իջել եմ առաջին հարկ, որպեսզի երեխաներս ձայնիցս չարթնանան: Հետո երկար մտածում էի՝ ինչո՞ւ ու ո՞նց, բայց ոչ թե՝ ով է մեղավոր: Մեղավոր են եղել բոլորը: Դրա համար հիմի էլ ասում եմ՝ ձեռք- ձեռքի բռնած բոլորով պետք է քաղաքական դաշտը զիջեն բոլորին, որովհետեւ արցախյան առաջին պատերազմին մեր հերոս տղաներն իրենց կյանքը, առողջությունը տվեցին՝ ազատագրեցին մեր հողերը, այս պարագայում մեր հերոս տղաները, նվիրյալները 44 օր պայքարեցին: Այդքան վիրավորներն ու զոհերը այնպես են բարձրացրել նշաձողը, որ մարդիկ, որոնք պետք է կառավարեն պետությունը, նրանց ներկաների եւ նախկինների մեջ խոշորացույցով կրելի է գտնել: Ճիշտ է` այսօրվա պետական պաշտոնյաների մեջ էլ կան գրագետ, նվիրյալ մարդիկ, բայց նրանք այնքան քիչ են, կան մարդիկ, որոնք ունեն պոտենցիալ, բայց նրանց մեջ էլ պետք է նորից արթնացնել երկրին ծառայելու գաղափարը, ինտուզիազմը: Մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որ պետք չէ կողքից նայել: Իմ մեջ իսկապես ուժ եմ գտել մեծ պատասխանատվություն վերցնելու:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնը ստանձնելուն, ուսումնասիրել եմ քաղաքական դաշտում առկա լիդերներին, նրանց կենսագրությունը, կյանքի փորձը: Շատ եմ խոսել ժողովրդի տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ՝ ինչ նկարագրով անձի են տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում: Բոլորը ցանկանում են՝ 50+ տարիքի ղեկավար ունենալ, որն արդեն փորձառու է, էներգիայով լի է, սակայն՝ շատ լավ կրթություն ունենա, լինի կառավարիչ, տիրապետի հաշվարկների, լինի հակաճգնաժամային մենեջեր, հասկանա ռազմարդյունաբերությունից, լինի պարկեշտ, ազնիվ, խիստ, խարիզմատիկ, արտաքին աշխարհի հետ բանակցելու հմտություններով: Բոլորը ցանկանում են՝ լինի շատ հայրենասեր, լինի մարդ, որը չծառայի ինչ-որ մեկին, այլ՝ ծառայի հասարակությանը, ողջ հայ ազգին, սփյուռքին եւ մեր պետությանը:

Հիմա տարբեր կուսակցությունների հետ ընդհանուր համագործակցության հարցեր եմ քննարկում, այդ հարցը՝ ո՞վ պետք է լինի, ես պարզ ասում եմ՝ տղաներ, եկեք հավակնություններից վեր դասվենք, մենք ունենք մեկ հավակնություն՝ ուժեղ հզոր ու հաղթող պետության տրամաբանությամբ:

Ես ինձ տեսնում եմ վարչապետի շատ լավ թեկնածու, բայց կարող է ավելի լա՞վ մոդել կա: Անփոխարինելիության գաղափարը երբեք չեմ ընդունում: Մարդը հավերժ չի, փոփոխական է, իսկ համակարգը՝ մնայուն, պետք է լինի ուժեղ մարդ, որը չի վախենա իր շուրջը հավաքել էլ ավելի ուժեղ ու խելացի մարդկանց: Եթե կլինի ավելի լավ նկարագիր՝ քան իմ կենսագրությունն է, տարիների փորձը, իմ 50 տարիների թողած հետքը, իհարկե, ես պատրաստ եմ զիջել: Բայց եղած իրավիճակում, երբ ուսումնասիրում եմ քաղաքական դաշտը, այո, ես ե՛ւ խիստ եմ եւ ունեմ վերը թվարկված հատկանիշները: Ռուսաստանի Դաշնության եւ տարբեր պետությունների՝ Չինաստանի, Իրանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ կարողանում եմ լավ հարաբերություններ ստեղծել եւ ունեմ այդ հարաբերությունները:

– Հիմա մեր երկիրը խորը Ճգնաժամի մեջ է: Դուրս գալու մի քանի սկզբունքային կետեր նշեք: 5 հազար զոհեր, կորցրած տարածքներ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, ինչպե՞ս եք պատրաստվում ուղղել երկրի կոտրված մեջքը:

– Իմ առաջադրման պատճառներից մեկն էլ տեղեկատվությունն էր, որ երիտասարդները լքում են երկիրը: Միակ տարբերակն այդ ամենը կանխելու արագ փոփոխություներն են: Կառավարությունը սակայն դա չի ընդունում: Միայն ասում են՝ ներողություն մենք սխալվեցինք, նախկիններն ասում են՝ ներողություն, արդեն չեմ ուզում լսել այդ բառերը: Հիմա միայն արած գործի համար գովեստի ու շնորհակալության խոսքեր են պետք:

Պատերազմի ավարտից անցել է 5-6 ամիս, բայց անգամ մի զորավարժություն չենք անում, մոբիլիզացման փորձ չենք անում, չենք քննարկում բանակի զարգացման տեսլականը, կամ քննարկում ենք գաղտնի: Հիմա պետք է բանակի ոգին բարձրացնել, բայց դա կլինի այն դեպքում, երբ երկրի «թոփ» ղեկավարությունն իրեն վեր չի դասում ոչ մեկից, այլ նրանց հետ հավասար մասնակցում է զորավարժություններին: Այսինքն՝ մենք, բոլորս, ոչ թե մեկի, այլ ազգի, պետության ու հայրենիքի զինվորն ենք: Ես մոդել եմ նկարագրել՝ ամիսը մեկ գնալ զորավարժությունների: Այդ պարագայում 200 հոգի կարո՞ղ էին սահմանն անցնել: Սահմանները բարձիթողի վիճակում են, իհարկե, երկար են սահմանները, բայց արդյոք պետությունը փորձել է խնդրել թեկուզ բիզնեսին, շինարարական կազմակերպություներին, որպեսզի արագ ինժեներական կառույցներ կառուցվեն սահմանով մեկ: Հավատացե՛ք շատերն անվճար կանեն: Գոնե, եթե ոչ բետոնե, բայց սահմանագիծ կունենայինք: Սահմանը տեսանելի պետք է լիներ, եւ երբ որ առաջիկա 50 մետրը կանցնեին եւ նրանց վրա կրակ բացվեր, 3 կիլոմետր չէին գա: Մենք կռմբակոծեինք մեր տարածքը՝ Սեւ լճի հայկական մասը, եւ միջազգային հանրությունը չէր ասի՝ ինչո՞ւ ես քո տարածքում ռմբակոծություն անում: Չեմ ասում թշնամու տարածքը: Ես Ադրբեջանին համարում եմ թշնամի եւ համարում եմ, որ մենք հիմա էլ պատերազմի մեջ ենք, չունենք ոչ մի փաստաթուղթ, ընդամենը մի հայտարարություն:

– Կարծում եք հնարավո՞ր է փոփոխել նոյեմբերի այդ հայտնի եռակողմ փաստաթուղթը:

– Իհարկե, վստահ եմ, որ կարելի է փոփոխել: Պետք է մարդ, որն ունի համարձակություն բանակցությունների ժամանակ իր պետության շահերը ներկայացնելու: Ոչ թե ելնեն նրանից՝ ինչ արդեն եղել է, այդ ամենն արդեն պատմություն է: Բայց ուզում եմ հիշեցնել՝ պատերազմը չի ավարտվել, բոլորն ուզում են ավարտված համարել, բայց չի ավարտվել: Մենք հզոր ազգ ենք, մեր հետ պարտադրողի լեզվով չի կարելի խոսել: Սակայն մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են, թույլ են տալիս, որ իրենց հետ այդ լեզվով խոսեն, նրանք իրավունք չունեն միտք կառավարել: Պարտված մարդը չի կարող հաղթողի տրամաբանությունն իր մեջ ձեւավորել: Ավելի լավ էր այս ընթացքում փոփոխվեր, էական չէ թիմը: Ինձ համար քաղաքական թիմին պատկանելությունը ոչինչ չի նշանակում: Միշտ ասել եմ՝ ավելորդ հայ չկա, բոլորն, ամեն մեկն իր մասով պետք է մասնակցեն պետության ծաղկեցման գործին:

Արտաքին հարաբերություններ. Պետք չէ քո ամբողջ անվտանգությունը տրամադրել Ռուսաստանի Դաշնությանը: Դու պետք է քոնն ունենաս, նա էլ պետք է օգնողի դերում լինի: Ո՞նց ենք պատկերացնում, երբ դիմում ենք ՀԱՊԿ-ին: Ղազախստանը գալու է իր եղբայրական պետության դեմ կռվի՞, երբ Ղազախստանում պատրաստվում էին հաղթական շքերթ անել: Մուսուլմանական երկրները, որոնք մասնակցում են, ձգձգելու են քննարկումները: Պետք էր դիմել Ռուսաստանի Դաշնությանը: Ֆրանսիան իր պատրաստակամությունն էր հայտնել: Թող ֆրանսիական երկու գունդ գային մեր օդանավակայանում տեղակայվեին: Ոչինչ, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը նեղանար: Եթե անգամ նեղանար, պետք էր բացատրել՝ իմ պետության լինել-չլինելու հարցն է:

Զենքի ձեռք բերում՝ բանակցություն 4 միլիարդով: Իսկ գուցե երկու կամ երեք միլիարդով նույն բովանդակության կամ տեխնիկական բնութագրով կարելի՞ է զենք բերել: Բացի մեր ռազմավարական դաշնակցից ձեռք բերելով, կարող ենք նաեւ մեր շատ բարեկամ երկրներից էլ ձեռք բերել՝ ինչպիսին է Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը: Այդ երկրներից ոմանց հետ հարաբերությունների հազարամյա պատմություն ունենք: Նրանք ցանկանում են դա շարունակել, բայց դա միակողմանի չի լինում, պետք է ապահովես հարաբերության երկրորդ կողմը:

Իսկ ինչո՞ւ ոչ, եթե մեր երկրում զարգացնենք ռազմարդյունաբերությունը: Ընդ որում ստեղծել մոդել, որտեղ այդ ձեռնարկությունում մասնաբաժին ունենա, ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը այլեւ՝ Ֆրանսիան, եւ այլ երկրներ՝ բայց հայկական գյուտով: Պետք է քայլեր անել նաեւ՝ օգտագործելու հայի միտքը: Պետք է գտնել համագործակցության կետը:

– Դուք ասում եք, որ մարդիկ կհամախմբվեն Երվանդ Թարվերդյանի եւ «Միացյալ Հայաստան» կուսակցության գաղափարախոսության շուրջ, որն ազգային է: Ո՞րն է այդ գաղափարախոսությունը:

– Ազգային, ընտանեկան արժեքներն են: Արժանապատիվ մարդը, այսինքն՝ ոչ թե կուշտ եւ ինքնասիրությունը կորցրած, այլ ինքնասիրություն ունեցող եւ սոցիալապես ապահովված մարդը:

– Հասարակությունն արդեն 3 տարի է բաժանված է սեւերի եւ սպիտակների, ինչպե՞ս եք պատրաստվում համախմբել, ինչ ծրագրեր ունեք:

– Սեւերի ու սպիտակների բաժանող կուսակցության այն անձանց, որոնք ընդգծում են` սեւեր եւ սպիտակներ, ընդամենը խնդրում եմ հեռանալ երկրից եւ կյանքին նայել սեւ-սպիտակ հեռուստացույցով: Նրանք իրավունք չունեն պառակտել ազգը:

Այո, կան գաղափարներ, չկան մեղադրանքներ, բոլորը մեղադրանքներով են գնում ընտրության, շատ քիչ կուսակցություններ կան, ինչպիսին մերն է, որ ուղի են ցույց տալիս` ուր ենք գնում եւ մոդելները: Գնում ենք կրթության զարգացմանը եւ ցույց ենք տալիս մոդելները, գնում ենք մշակույթի պահպանմանը, եկեղեցու արժեւորմանը եւ մոդելները: Գնում ենք տնտեսության զարգացմանը եւ մոդելը:

– Պարոն Թարվերդյան, Ձեր կուսակցության հետեւում այլ ուժերի ականջներ են որոնում, Ձեզ վերագրում են, որպես տարբեր ուժերի «նախագիծ»: Ի՛նչ կասեք:

– Այո, մեր կուսակցության հետեւում տասը միլիոն ականջ կա, բոլոր հայությունն այսօր ինձ դիտարկում է մարդ, որն իր հանգիստ կյանքը դրել է մի կողմ, իրեն ընտանիքից վերցրել է ու տվել է պետությանը: Բոլորն ինձ հավատում են, ով ինձ ճանաչում է, ով ինձ հետ շփվել է: Իսկ ինչ վերաբերում է նրան՝ այս թեւից եմ, այն թեւից եմ, փառք Աստծո, իմ թեւերն այնքան պինդ են, որ ինձ թեւեր պետք չեն: Այն լուսավոր տղաները արժանի են` կորցրած կյանքից հետո ինչ-որ մեկը գա ու գիտակցի, որ Եռաբլուրը պահանջ ունի ուժեղ տղայի: Եվ, որպեսզի այդ հիշատակը վառ պահվի, ես մտել եմ քաղաքականություն:

Ես հայտնվելու եմ Ազգային ժողովում: Եվ, եթե բոլորը չհամախմբվեն, դուք առաջիկայում կտեսնեք, որ պատմության մեջ առաջին անգամ մարդն իր խոսքը պահում է եւ չի միանում ոչ մի քաղաքական ուժի հետ եւ սրում է քաղաքական ճգնաժամը, որպեսզի նրանք գիտակցեն, որ պետք է համախմբվել: Եվ Ազգային ժողովը կլուծարվի եւ նոր ընտրություններ կլինեն:

– Որպես նորաստեղծ քաղաքական ուժ, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

– Շատ մարդիկ չեն գնում Հայաստանից, սպասելով իմ հաջողությանը: Ասում են՝ եթե անցար, խոստումները կանես, եթե չէ, գնալու ենք: Հենց առաջին օրվանից, որոշումս կայացնելուց հետո, վստահ եմ եղել, որ ի դեմս Երվանդ Թարվերդյանի, երկիրը ապագայում կունենա սիրված ղեկավար, որը իր երկիրը, հողն ու ջուրը, իր ժողովրդին շատ է սիրում եւ շատ սիրելու դեպքում մի փոքր էլ իմ ժողովուրդն ինձ կսիրի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31