Ալյանս կուսակցության հայտարարությունը
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ փոփոխություն չի կրել։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների, առանց նախապայմանների, իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով:
Սա ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարության հատվածն է սահմանային իրադրության վերաբերյալ։ Ելնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից, հերթական լայնածավալ պատերազմի վտանգի առկայությունից, կառավարման, մեղմ ասած,վտանգավոր ու պետականակործան ընթացքից՝ անհրաժեշտ ենք համարում շտապ վերանայել քաղաքական ուժերի մոտեցումները նաև ներքաղաքական իրավիճակի առումով։ Հարկավոր է առավելագույնս մոբիլիզացնել բոլոր այն ուժերը, որոնք իրապես մտահոգ են Հայրենիքի ճակատագրով։ Անհրաժեշտ է համախմբվել, ստեղծել ամենամեծ ու լայն միավորումը, որում կընդգրկվեն հայաստանյան քաղաքական ուժեր, ակտիվ նախաձեռնություններ և կարող անհատներ, սփյուռքի կառույցներ, և անդառնալի իրադարձությունների նախաշեմին կանգնած մեր երկրի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը։
Եթե Աստծո կամոք, մինչև արտահերթ ընտրությունների օրը խաղաղություն պահպանվի, համախոհ քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը ընտրություններին այլևս ճիշտ չէ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ալյանս կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում միավորվել, պահն է մի կողմ դնել բոլոր հարցերն առանց բացառության, բացի մեկ բանից` երկրի փրկությունը։