Օրերս համացանցում տարածվեց Լուսագյուղի Թուխ Մանուկ վանքի դիմաց գտնվող խաչքարի լուսանկարը, որը դարձավ սուր քննադատությունների առարկա: Բանն այն է, որ խաչքարի վրա տեղադրված էր մարմարե սպիտակ խաչ: Մարդիկ նշում էին, որ եկեղեցու բակի խաչքարի մեջ մխրճված «գեշ ու ռաբիս» խաչը ապականել է կոթողը, որոշներն էլ խոսում էին նման երեւույթների տարածված լինելու մասին՝ ասելով, որ նման տգետ ու անճաշակ երեւույթները ընդամենը բարձիթողության եւ պատշաճ վերահսկողություն չլինելու հետեւանք են:
Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանը նշեց, որ խաչը կոթողի վրա են տեղադրել իրենց համայնքի բնակիչները: «Մեր գյուղի գերեզմանոցում հին դարի խաչ կար, ջարդված էր, դրա նման դեռ 5 տարի առաջ նորը սարքեցինք, տեղադրեցինք (խաչքարի վրա)»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է որոշվել խաչը տեղադրել կոթողի վրա, եւ արդյո՞ք ունեցել են թույլտվություն, համայնքապետը պատասխանեց. «Բա ոնց չենք ունեցել, խաչը դնելով՝ հանցագործությո՞ւն ենք արել: Հիմա ես չեմ հասկանում՝ խաչ դնելը վերացնե՞նք. մեր ազգը առանց այն էլ հին ավանդույթները չի պաշտպանում, մե՞նք էլ վերացնենք»:
Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը (լուսանկարում ինքն է) էլ նշեց՝ խաչը ապօրինի է տեղադրված եղել 2015 թվականից:
Կարդացեք նաև
«Կոթողը 5-րդ դարի խաչքարերի նախատիպ է, որովհետեւ մեր նախնիները խաչքարերից առաջ ունեցել են կոթողներ, որի վրա խաչեր են քանդակել: Կոթողի վրա երբեւիցե խաչ տեղադրված չի եղել: Ծակել են կոթողը, սպիտակ մարմարե նոր պատրաստված խաչի պոչը տեղադրել են կոթողի մեջ՝ վնաս պատճառելով եւ խաթարելով կոթողի ընդհանուր ճարտարապետական տեսքը»:
Մանուկ Մանուկյանը նշում է նաեւ, որ խաչի տեղադրումից հետո կոթողը վնասվել է.
«Կոթողը մի որոշ չափով փորել են, խաչի ներքևի հատվածը տեղադրել են կոթողի մեջ, բնականաբար, կոթողին վնաս պատճառելով»:
Մանուկ Մանուկյանի խոսքով՝ խաչի տեղադրումը վատ օրինակ է դարձել, եւ եկեղեցու հարակից տարածքում շարունակաբար տեղադրվել են նոր ոճի խաչեր ու խաչքարեր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում