Գիրք՝ Սամվել Գեւորգյանի մասին
2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Սամվել Գեւորգյանը՝ կապուտաչյա տղան, անսասան կանգնել ու հող հայրենին էր պաշտպանում, իսկ իր սիրելին՝ Աննան, հավատով սպասում էր Սամվելի վերադարձին: Ավաղ, Սամվելը զոհվում է հոկտեմբերի 8-ին, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, իր 20-ամյակը պետք է լրանար։
«Զոհվելու մասին իմանում եմ հոկտեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը՝ facebook-ից։ Այդ գիշեր, մինչեւ առավոտյան Սամվելին շատ նամակներ եմ գրում՝ սպասելով պատասխանի։ Արդեն Սամվելի հուղարկավորությունից մի քանի օր հետո, նորից նամակներ եմ գրում,-մեզ հետ զրույցում ասել է Աննա Մկրտչյանը՝ շարունակելով,-ու մի օր, երբ հերթական նամակն էի գրում, մտքովս անցավ, որ պետք է անպայման գիրք գրեմ Սամվելի մասին»։
Աննան սկսում է գրել, մեկ-մեկ էլ գրածն էր ջնջում… ամենասկզբից ինքն էլ չէր հավատում իր ուժերին, որ մի օր կարող է ձեռքերով բռնել Սամվելի մասին պատմող գիրքը: «Պատերազմը դեռ չէր ավարտվել, մտածում էի, որ հաղթանակի մասին էլ անպայման կգրեմ, անգամ կգնամ Արցախ, հենց Սամվելի զորամասից ինչ-որ բաներ կգրեմ, միգուցե այնտեղ՝ Արցախում ավելի մոտ զգալով իրեն։ Բայց պատերազմի ավարտից հետո շատ հիասթափվեցի, մի քանի օր դադարեցի գրել։ Հետո, ի վերջո հասկացա, որ պետք է շարունակել»,-ասել է Աննան:
Կարդացեք նաև
Զրուցակիցս մտածեց՝ եթե չի գրելու հաղթանակի, ուրեմն պետք է գրի իր ու Սամվելի պլանավորած կյանքի մասին, ոչ թե այն, ինչ եղավ իրականում։ Սկզբից ապագայի խորքերն է անցնում, իրենց ընտանիքի, նպատակների իրականություն դառնալու մասին է սկսում գրել, բայց ամբողջը ջնջում է ու հասկանում, որ պետք է իրականությունն անկեղծորեն ներկայացնել: «Չէի ուզում Սամվելի մասին տխուր տողեր գրեի, նա իր տեսակով շատ ուրախ մարդ էր»,-ասում է Աննան՝ ավելացնելով, որ իրականությունից փախչել չես կարող:
Իր սիրելիին նվիրված գիրքը վերնագրել է «Կապուտաչյա հերոսը», քանզի իր հերոսը դեռ ապրում է, կա, իր հետ պայքարում է ամեն օր: «Գրել եմ ամենասկզբից՝ մեր ծանոթությունից սկսած։ Յուրաքանչյուր դրվագը նորից վերապրելով ու միայն ժպիտով եմ գրել, մինչեւ պատերազմին հասնելը։ Ամենադժվարը հենց պատերազմի մասին գրելն էր։ Ամեն բան գրելուց առաջ, Սամվելի հետ եմ քննարկել, որոշել՝ գրե՞լ, թե՞ չէ։ Իրականում, շատ ասելիք ու պատմելու բան կար, շատ անգամներ գրում էի, մի քանի րոպե հետո ջնջում։ Չեմ մոռանա, որ դեռ գրում էի, մի անգամ մորս ասացի՝ երբ արդեն գիրք դառնա, կվերցնեմ ձեռքս, կգնամ Սամվելի մոտ, կնստեմ ու կկարդամ իր համար։ Մայրս էլ պատասխանեց՝ կարդալու կարիք չկա, որովհետեւ գիրքը երկուսով եք գրել։ Ու հիմա, կասեմ, որ իսկապես գիրքը երկուսով ենք գրել»,-ասել է Սամվելի ընտրյալը:
Աննան ցանկանում է, որ յուրաքանչյուր հայ այս գիրքը կարդա ու ճանաչի Սամվելին, որովհետեւ նա չափազանց բարի էր, հոգատար ու մարդամոտ: Իսկ այդ բարությունն այսօր ապրեցնում է Աննան՝ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղելով վիրավոր զինվորներին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.05.2021
ինչպես կարող եմ ձեռք բերել այս գիրքը ՞