Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պաշտպանել Նժդեհի կերպարը վարկաբեկելու փորձերից

Մայիս 19,2021 13:30

Վերջին տարիներին հակահայկական տարբեր շրջանակներ անդրադարձել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի «համագործակցությանը» գերմանական պետության հետ: Նախ պետք է եւս մեկ անգամ նշել, որ Նժդեհը որեւէ ռազմական գործողությունների մասնակցություն չի ունեցել: Այնուամենայնիվ, նրա պատմական կերպարը հեղինակազրկելուն ուղղված քայլերը չեն դադարում: Հետեւյալ փաստարկ-օրինակի հետեւողական ներկայացման միջոցով «համագործակցության» պիտակավորման տարատեսակ ջանքերը կարելի է չեզոքացնել:

Այսպես, 1933թ.-ին Գերմանիայում հիտլերյան նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո, Խորհրդային Միությունը խզեց իր հարաբերությունները Գերմանիայի հետ: Սակայն, 1939թ.-ի ամռանը տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ, եւ երկու երկրները որոշեցին կնքել փոխադարձ չհարձակման պայմանագիր, որի գաղտնի մասով էլ անգամ համագործակցեցին միմյանց հետ Արեւելյան Եվրոպայի մի հատվածի գրավման հարցում: Շրջադարձն այնքան կտրուկ էր, որ երբ Գերմանիայի արտգործնախարար Յոախիմ ֆոն Ռիբենտրոպը 1939թ.-ի օգոստոսի վերջին այցելեց Մոսկվա միջպետական պայմանագիրը ստորագրելու նպատակով, օդանավակայանից դեպի քաղաք ճանապարհին նրան ողջունելու համար նախկինում թշնամի համարվող Գերմանիայի բավարար թվով դրոշներ չէին կարողացել հայթայթել, եւ որոշ թվաքանակ բերվել էր կինոստուդիաներից: Այցին նախորդել էին 1939թ. հունիսից շուրջ երկու ամիս տեւած բանակցություններ-քննարկումներ: Արդյունքում՝ 1939թ. օգոստոսի 23-ին պայմանագիրը ստորագրվեց:

Պայմանագիրը ուժի մեջ եղած ժամանակ, 1941թ. մայիսի 14-ին Գերմանիայի ղեկավար Հիտլերի կողմից պաշտոնական նամակ է փոխանցվում Ստալինին, որով նա իր հավատարմությունն է հայտնում 1939թ.-ին կնքած պայմանագրին եւ խնդրում Ստալինին, որպեսզի խորհրդային զինված ուժերը սահմանային հնարավոր սադրանքների չտրվեն: Հիմա ամենակարեւորն այս կոնտեքստում. նամակը ստանալուց մեկ ամիս անց` 1941թ. հունիսի 14-ին, այսինքն, Հայրենական պատերազմի սկզբից ընդամենը ութ օր առաջ, ԽՍՀՄ կառավարությունը երկրի հեռագրային գործակալության (TACC) միջոցով իր պաշտոնական պատասխանն է հրապարակում, որով հավաստում է հավատարմությունը 1939թ.-ին կնքած միջպետական պայմանագրին եւ դրանից բխող բոլոր պարտավորություններին` փաստացի հաստատելով երկու երկրների միջեւ համագործակցությունը: 1941թ. հունիսի 22-ին Գերմանիայի կողմից չհայտարարված պատերազմ սանձազերծելու պահից Խորհրդային Միության եւ Գերմանիայի հարաբերությունները կրկին դարձան թշնամական:

Եթե առաջնորդվում ենք «համագործակցության» տրամաբանությամբ, ապա ի՞նչ է ստացվում, որ 1939թ. օգոստոսի 23-ից (պայմանագրի ստորագրման օրվանից) մինչ 1941թ. հունիսի 22-ը (պատերազմի սկիզբը)` այդ մեկ տարի տասը ամսվա ընթացքում, Խորհրդային Միության ամբողջ ղեկավարությունը նացիստական ռեժիմի հետ համագործակցո՞ղ էր: Թե՞ երկրի ղեկավարությունը հետապնդել է իր պետական շահը, որի արդյունքում էլ, մեծ զոհաբերություններով հանդերձ, հաղթանակով է ավարտել պատերազմը: Գարեգին Նժդեհի կողմից ներդրված ջանքերն ուղղված են եղել բացառապես իր ազգային շահի առաջմղմանը` հայկական քաղաքակրթության պատմական Հայրենիքի մասն ազատագրելուն: Եվ նրան նացիստական հանցագործ ռեժիմի հետ «համագործակցության» մեջ մեղադրելն ունի առավելագույնն այնքան հիմք, որքան որ վերը նշված օրինակի դեպքում Խորհրդային Միության ղեկավարությանը նման մեղադրանք ուղղելը: Ավելացնենք, որ Նժդեհի դեպքում այդ «համագործակցությամբ» պայմանավորված հնարավորությունն ի կատար ածելը նրան անգամ չընձեռվեց:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ք.Հոնկոնգ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31