Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում լրագրությունը խորը ճգնաժամի մեջ է». հանրային քննարկում

Մայիս 18,2021 21:07

«Շատ հաճախ լրատվամիջոցները իսկապես հասարակությանը տեռորի են ենթարկում դա ակնհայտ է»,- «Ապատեղեկատվության, տեղեկատվության ու գաղտնիության սահմանը ազգային անվտանգության հարցերում, եւ վերջապես, ի՞նչ է մեդիա տեռորը» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության հիմնադիր Գայանե Աբրահամյանը:

Նա նշեց, որ որոշ դեպքերում ապատեղեկատվությունը պարունակում է ճշմարտության հատիկ, սակայն լուրը այնպես է ներկայացվում, որ փաստում է հասարակության հանդեպ տեռորի մասին. «Ինչը խնդրահարույց է, ինչը ժողովրդավար Ֆրանսիայում, կարծեմ, 2014-ին հրապարակեցին այդ հետազոտությունը, դրանից ելնելով ընդունեցին օրենքը «ֆեյք նյուզի» վերաբերյալ, հստակ սահմանվում էր, որ «ֆեյք նյուզը» և ապատեղեկատվությունը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ են: Եվ հենց այդ ելակետից ելնելով պետք է լուծումներ առաջարկել»:

Գայանե Աբրահամյանի կարծիքով՝ պատճառը միայն հաղորդակցության և կառավարության թերացումները չեն. «Մյուս դաշտը գործում է մարտեր առանց կանոնների տրամաբանության ներքո: 2016-ին կրկին շատ լրատվամիջոցներ կային, որ իսկապես խնդիր ունեին ճշմարտությունը ժամ առաջ կամ րոպե առաջ, վայրկյան առաջ տրամադրելու հասարակությանը, բայց միշտ մտածում էին՝ արդյոք հասարակությանը սա որքան կարող է վնասել, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ մեր հասարակության վրա: Կա միտում և կա իսկապես քաղաքական իշխանությանը ամեն կերպ վնասելու տրամաբանություն: Բայց նաև ուզում եմ շեշտել, որ իշխանությանը չեն վնասում, պետությանն են վնասում, մեր հասարակությանն են վնասում: Եվ այստեղ իսկապես բավական լուրջ իրավական կարգավորումներ պետք է լինեն, հատկապես՝ եթե վերաբերվեն պատերազմական իրավիճակին»:

Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը համարում է, որ ճգնաժամի մեջ ենք գտնվում, և որևէ կողմից քայլեր չեն կատարվում, որ այդ ճգնաժամը հաղթահարվի. «Հայաստանում լրագրությունը խորը ճգնաժամի մեջ է, լավ չէ վիճակը լրագրության: Եվ փաստերի ստուգումն էլ է խորը ճգնաժամի մեջ: Այսինքն՝ ճգնաժամ բառը այստեղ գուցե սխալ եմ օգտագործում, բայց փաստերի ստուգումը՝ որպես լրագրության ոլորտ, դժվար ժամանակներ է ապրում: Որովհետև այն ճգնաժամը, որի մասին խոսում եմ, կապ ունի վստահության հետ: Այսինքն՝ առաջին հերթին մենք ունենք վստահության ճգնաժամ և չունենք հեղինակություններ: Երբ որ ասում ենք պաշտոնական խոսք, որին ոչ ոք չի հավատում, ընդհանրապես ոչ ոք ոչ ոքին չի հավատում: Դա մեծ խնդիր է: Եվ եթե ինչ-որ ժամանակ ինչ-որ լուրի հետ կապված գործիքակազմում մենք նախատեսում էինք, օրինակ, պաշտոնական հերքում, հանրային գործչի խոսքը, այդ խոսքերի արժեքը իջել է, և իրենց արժեքը մարդկանց համար համոզիչ չէ»:

Գեղամ Վարդանյանի մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունները դեռ մնացել են 2018 թվականում, և կարծում են, որ հաղորդակցությունը մարդկանց հետ մնացել է բարձր կետի վրա, բայց դա այդպես չէ:

«Բացի պետական պաշտոնյաներից, տեղական պաշտոնյաներից, շատ կարևոր գործ ունի անելու հանրային հեռարձակողը: Ե՛վ Հանրային հեռուստատեսությունը, և՛ Հանրային ռադիոն, կարծում եմ, շատ ավելի շատ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն մարդկանց օգնելու համար, որ իրենք, այսպես ասած, ինֆորմացիոն դաշտում ճիշտ լողան և ճիշտ ուղենիշներ ունենան, որոնց օգնությամբ կկարողանան տեղ հասնել»,- ասաց նա:

Իսկ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ պետք է հասկանալ, որ պատերազմի ժամանակ այլ կանոններ են գործում. «Առաջ է գալիս «մարտական ոգի» հասկացությունը, որը շատ վտանգավոր է, եթե խոսքի ազատությունը դրան կարող է վնասել, իսկ դա հնարավոր է: Երբ որ Արծրունին (Արծրուն Հովհաննիսյան, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, խմբ.) մեղադրում էին նրա մեջ, որ ինքը սուտ է խոսում, ես, ճիշտն ասած, որակումներից զերծ կմնայի, որովհետև այնտեղ տեղեկատվությունը բավականին նուրբ էր տրամադրվում, որը երկիմաստ էր: Օրինակ, ես իր տեքստերից շատ լավ հասկանում էի, թե ինչ էր կատարվում: Մարդիկ կային, որ միգուցե շատ բառացի էին ամեն ինչ հասկանում և մտածում էին, որ մենք հաղթում ենք: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա այն սահմանն էր, որ Արծրունը չէր կարող անցնել: Եվ եթե մենք ունեինք հազարավոր դասալիքներ, որոնք կային, մենք գիտեինք, դե պատկերացնո՞ւմ եք, պատերազմի հենց սկզբից մենք սկսեինք ճշմարտությունը խոսել, պատմել, թե որտեղից ոնց դասալքեցին հարյուրավոր մարդիկ, և այդպես կոտրեինք մարտական ոգին: Արդյոք, եթե մենք նույնիսկ հաղթելու հնարավորություն ունեինք, այդ հնարավորությունը կկարողանայի՞նք օգտագործել: Դա շատ նուրբ հարց է, և պետք է պրոֆեսիոնալ մոտեցում այս հարցում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31