Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ, այս պահին որևէ միտք, նպատակ, ծրագիր չունի մեկնելու ՀՀ-ից». պաշտպան

Մայիս 18,2021 19:55

«Ո՞ւմ հայտնաբերեցին, ով վաղօրոք դիմում է գրել, որ գալիս եմ, դիմավորե՞ք: Աբսուրդ է: Ոստիկանությունը տեղեկություն տարածելուց ուզել է լիրիկական զեղումներ անել: Ո՞նց կարող է անձը ոստիկանության օպերատիվ տվյալներն իրացնելով բերման ենթարկվել Զվարթնոց օդանավակայանից, երբ անձն ինքն է գնում տոմսերը և վերադառնում ՀՀ մի գործով, որի վերաբերյալ հետախուզման մասին բազմիցս հրապարակումներ են եղել: Օպերատիվ տվյալներ իրացնելով՝ կարող են ինչ-որ մեկի տանը թաքնված մեկին բերման ենթարկել, բայց ոչ օդանավակայանից »,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

Նա հավաստիացրեց՝ ինքը՝ որպես պաշտպան իրազեկել է Գագիկ Բեգլարյանի՝ ՀՀ ժամանելու մասին, փաստաթղթերը մուտքագրվել են ԱԱԾ, ՀՀ գլխավոր դատախազություն:Պատրաստակամություն է հայտնվել ներկայանալ ՀՀ , վարույթն իրականացնող մարմնին և մասնակցել քննչական դատավարական գործողություններին: Պաշտպանը մանրամասնեց. «Երեկ նաև իմ ուղեկցությամբ ներկայացել է ԱԱԾ»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ազատ է արձակվել՝ 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ «Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք»:
Փաստենք՝ խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, որը Երեւան էր վերադարձել՝ մասնակցելու եղբոր՝ Հավաքական թիմերի մարզական կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Բեգլարյանի հուղարկավորությանը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն», մինչդեռ Գագիկ Բեգլարյանի հաղորդմամբ՝ ինքն է ներկայացել: Երեկ Գագիկ Բեգլարյանը մասնակցել է եղբոր հոգեհանգստի արարողությանը:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության առիթով Հրանտ Անանյանը նշեց. «Իմ կարծիքով՝ ոստիկանությունը հերթական անգամ դադարեցրել է ինչ-որ մեկի հետախուզումը, Գ. Բեգլարյան գրել է հաղորդագրության մեջ, մարդիկ միանգամից Գագիկ Բեգլարյան ասոցացրել են: Ոստիկանությունում չեն էլ մտածել, որ ռեզոնանս կառաջանա, կնույնացնեն Գագիկ Բեգլարյանի հետ: Ոստիկանությունը չի կարծել, որ մարդիկ անմիջապես կգնան Գագիկ Բեգլարյանի վրա, ուստի փորձել է մի հպարտ հրապարակում անել, որը դարձել է զավեշտալի»:

Հրանտ Անանյանն վրդովվեց՝ գրում են, թե Գագիկ Բեգլարյանն ԱԱԾ մեկուսարանում է ու պարզաբանեց. «Երեկվանից է պարոն Բեգլարյանն ազատության մեջ: Այսօր հուղարկավորել է հարազատ եղբորը: Մենք փաստարկներ ենք ներկայացրել, նախաքննությունը շարունակվում է: Եթե կալանավորման որոշում լիներ, բողոքարկելու էինք»: Հարցին՝ Գագիկ Բեգլարյանը սահմանը հատելու իրավունք ունի՞, պարոն Անանյանն ասաց. «Գագիկ Բեգլարյանն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության սահմանը հատելու իրավունք չունի: Գագիկ Բեգլարյանն այս պահին որևէ միտք և նպատակ, ծրագիր չունի մեկնելու ՀՀ-ից: Ինքը լինելու է ՀՀ-ում»:

Հիշեցնենք՝ Գագիկ Բեգլարյանը հեռացել էր Հայաստանից 2019 թվականին, երբ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել «Հետքի» «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» հրապարակման հիման վրա: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31