Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Ո՞վ է ասում, թե պետք է վերադասը որոշի՝ կրակե՞ս, թե՞ ոչ: Դա որոշված է օրենքի տեսքով, որտեղ պարզ ասված է. ագրեսիայի դեպքում պետք է կրակ բացել»

Մայիս 18,2021 18:14

Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը այսօր խոսեց սահմանում տեղի ունեցող մեր համար անցանկալի իրադարձությունների պատճառների մասին:

«Ամեն բան գալիս է նրանից, որ ժամանակին զինվորականը իր պարտականությունները չի կատարում: Երբ զինվորը գնում է առաջնագիծ, նրան տրվում է սահմանը պահպանելու եւ պաշտպանելու հրաման: Պահպանել եւ պաշտպանել: Ուղղակի պահպանություն անում են ոստիկանները՝ քաղաքում: Իսկ առաջնագծում սահմանապահները կամ ՊՆ զինծառայողները անցնում են սահմանների պահպանության եւ պաշտպանության: Պահպանությունը նշանակում է՝ դիտարկել եւ, եթե հնարավոր է, կանխել: Պաշտպանելը, եթե հնարավոր չի կանխել, պիտի ոչնչացվի այն ուժը, որը քո տարածք մտնելու, նույնիսկ դեռ տարածք չմտած՝ բացահայտ ագրեսիայի դրսեւորում է ցուցաբերում: Այդ դեպքում քո չկրակելը ավելի բարդ հետեւանք կունենա:

Եթե դիրքերում կանգնած մեր տղաները ունենային համապատասխան հրաման, զգային, որ իրենց թիկունքում կանգնած են համապատասխան մարդիկ եւ կառույցներ, այլ ոչ թե ուղղակի գրանցված անձինք են, չէին վախենա, չէին զգուշանա: Կկրակեին, եւ հնարավոր է, այս ամբողջ պատմությունը չլիներ: Պարտադիր չէր ոչնչացնել, կարելի էր ոտքերի առջեւ կրակահերթ բացելով կանգնեցնել»,- ասաց նա:

Վովա Վարդանովին այս հարցով քաղաքական իշխանությունների կեցվածքը չի հետաքրքրում: «Գոյություն ունի պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, որը իր գործառույթների պիտի կատարի: Չկատարելու հետեւանքով, երբ չկրակեց զինվորը, ստորաբաժանումը, երբ պաշտպանված չէր սահմանը, ավելի ուշ առաջացավ դիվանագիտական դաշտը: Ո՞վ է ասում, թե պետք է վերադասը որոշի՝ կրակե՞ս, թե՞ ոչ: Վերադասը շատ ավելի վաղ դա որոշել է օրենքի տեսքով, կանոնադրության տեսքով, որը օրենքի ուժ ունի: Այնտեղ պարզ ասված է. ագրեսիայի դեպքում պետք է կրակ բացել:

Երբ դուրս ես գալիս ծառայության, պարտականությունների եւ իրավունքների սահմաններ գոյություն ունեն: Պարտականությունների մեջ մտնում է Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությունը եւ պաշտպանությունը: Իսկ երբ այդ պարտականությունները չեն կատարում՝ մտածել է պետք, ինչու չէ, որոշ մարդկանց կամ շատ մարդկանց պատժել է պետք»,-իրավիճակը մեկնաբանեց նա:

Վովա Վարդանովը նաեւ ըմբռնումով է մոտենում այն խնդրին, որ բանակը մի փոքր ընկճված է, որոշ նոր հատվածներում զինվորը մոլորված է: Այսինքն, սարերում, որտեղ ընդհանրապես կողմնորոշվելը դժվար է, չգիտի, թե դիմացը ի՞ր երկրի տարածք է, թե՞ հակառակորդի, բարձունքը մե՞րն է, թե՞ ոչ: Իսկ դա էլ նշանակում է, որ լավ աշխատանք չի կատարվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31