Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Հովսեփյան․ «Սուտ են ասում, որ ադրբեջանցիները ելման դիրքեր են գնացել»

Մայիս 18,2021 18:05

«Սուտ են ասում, որ ադրբեջանցիները ելման դիրքեր են գնացել, չի կարելի նման սուտ բաներ խոսել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

Նա ասաց, որ Սյունիք մարզի Սեւ լիճ հատվածում, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են եւ դիրքավորվել, նույն իրավիճակն է, ինչ առաջին օրն էր․ «Առանձնապես փոփոխություն չի եղել։ Դե, ասենք մի քսաներորդ աստիճանի պաշտոնյա նման հայտարարություն է անում, լավ, բայց չէ որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն, համենայնդեպս, ճիշտն ասում է՝ ինչն ինչոց է։ Սյունիքից պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր նման բան ասել, նա մի քանի ամիս առաջ ասել էր՝ Սյունիքում անվտանգ է, սուտ խոսելով ման են գալիս։ Իրենց ասածը հիմք ընդունել չի կարելի։ Ցանկացած իրադարձություն, ինչ կատարվի Սյունիքում, Արմեն Խաչատրյանն անձամբ պատասխան է տալու»։

Մեր դիտարկմանը, որ նման հայտարարություն ՊՆ-ն է արել, ըստ որի՝ մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել են իրենց ելման դիրքեր, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում, պարոն Հովսեփյանն այսպես արձագանքեց․ «Պաշտպանության նախարարության հայտարարություններն ես ընդհանրապես չեմ քննարկում, եթե ասում են՝ ուրեմն հետ են գնացել»։

Սեւ լճի այն հատվածը, որտեղ օրերս լուսանկարվել էր փոխվարչապետի ժ/պ Տիգրան Ավինյանն, արդյոք հայկակա՞ն վերահսկողության տակ է, թե՞ ադրբեջանցիների, այս հարցին ի պատասխան պարոն Հովսեփյանն ասաց․ «Դա էժանագին փիառ է։ Բանակցությունների ժամին, երբ ռուսները փորձում էին հայերին փրկել, որոշ կեղծ պաշտոնյաներ ուղղակի իրենց փիառվելու համար հայտնվել էին այնտեղ, այդքան բան։ Մեր վարչական ղեկավարներն իրենցից առաջ քսան անգամ գնացել, եկել են, բայց ոչ մեկ չի փիառվել։ Այդ նկարը, որ արվել է, այդ մասում ադրբեջանցինե՞ր են, թե՞ ոչ , հստակ չեմ կարող ասել։ Օրվա տարբեր ժամերին տարբեր դիրքավորվածություն կարող է լինել, հիմա դժվար է ասել՝ որ ժամին, ոնց կլինի»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ադրբեջանցիները հանգիստ գնում-գալիս են այդ տարածքում, պարոն Հովսեփյանը պատասխանեց՝ իրենք վաղուց են հանգիստ գնում-գալիս, Որոտանում էլ են հանգիստ գնում-գալիս։

«Այդ հատվածում այն նույն վիճակն է, ինչ առաջին օրն էր, առանձնապես փոփոխություն չի եղել։ Թշնամին հատել է ՀՀ ինքնիշխան հանրապետության տարածքը, լինի մեկ սանտիմետր, մեկ մետր, թե մեկ կիլոմետր, դա էական նշանակություն չունի, եթե հատում է սուվերեն պետության տարածքը, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահ զորքերի պատասխանի պես պատասխան պիտի ստանա»։

Պարոն Հովսեփյանն անդրադառնալով այն կարծիքին, թե Ադրբեջանը տիրացել է տարածաշրջանի ջրի ակունքին եւ ամենաբարձր կետին, որից նրանք կարող են նաեւ հսկել Արցախ տանող ճանապարհը, ասաց․ «Մենք չենք թողնելու, որ թուրքը տիրանա մեր ջրի աղբյուրին, սա հստակ եմ ասում։ Սեւ լճից ջուր չի հոսում եւ իր մեջ չի լցվում, ոռոգում չի իրականացվում։ Սեւ լճի տակ մի արհեստական լիճ կա, այնտեղից է իրականացվում մեր ոռոգումը։ Սեւ լիճը քաղցրահամ է, լեռան գագաթին է գտնվում, բարձրադիր վայրում։ Իսկ այն փոքրիկ լճի ամբարտակը թշնամու գծած GPS քարտեզներով անցնում է թշնամու տարածք՝ մոտ 60-70%-ը։ Մենք այդ հարցը բազմիցս բարձրացրել ենք, որ նման խնդիր կլինի։ Ինչ էլ լինի՝ մենք մեր հարստություններին տեր ենք կանգնելու ու տիրապետելու ենք»։

Վերջում, պարոն Հովսեփյանը խնդրեց որոշ պաշտոնյաներին ողջույններ փոխանցել․ «Սյունիքից ողջույններ եմ հղում որոշ մարդկանց, պաշտոնյաներին, որոնք առանց մտածելու հայտարարություններ են անում, Լոռու մարզպետին, պատգամավորներին, թող մի քիչ զուսպ լինեն։ Իրենց զսպվածության կոչ եմ անում, հայրենիքը սիրողները չեն կարող ամեն օր բզբզեն իրար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31