Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ մայիսի 18-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 415 և 527 միավոր:
Հիշեցնենք, որ մրցույթի անցողիկ նվազագույն շեմը համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին նշվեց, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ը:
Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, Հանձնաժողովը սահմանեց ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով