«Քանի դեռ ժողովրդի մի հատված անտարբեր է, իսկ մյուս մասը մայիսի 9-ին աղուհացով դիմավորում է կապիտուլյանտին, սրանց զառանցանքները շարունակվելու են: Ասում են՝ Ադրբեջանը չի հաղթել, բա որ չի հաղթել, դու ու Նիկոլը մայիսի 9-ին գնայիք Շուշի, ինչի՞ էին Մեհրիբանն ու Իլհամը գնում: Բա եթե Ադրբեջանը չի հաղթել, Հադրութ գնա, գնա Թալիշ, դու մտի 200 հոգով տարածք վերցրու»- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա բոլոր մտահոգ քաղաքացիներին, ազգային ուժերին կոչ արեց «հայրենիքը ազատագրել այս կապիտուլյանտ, հողատու, թուրքերի ու արբեջանցիների շահերը սպասարկող» իշխանությունից. «Ով սրան հունիսի 20-ին ձայն տա, պետք է համաձայնի, որ ձայն է տալիս Մեհրիբանին ու Իլհամին:
Հարցին՝ ի՞նչ է ձեզ խանգարում գրողի ծոցը նետել ամեն ինչ ու այսօր դուրս գալ հրապարակ, եթե ձեր խնդիրը մանդատը չէ, թող բոլոր ազգային ուժերը գան՝ Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կարող է հաջողել միայն այն պայքարը, որտեղ կա կոնսենսուս, համաձայնություն, եթե քո հասարակության մեծ մասն արդեն մտել է ընտրական ցիկլի մեջ, արդյունավետ չի կարող լինել: Երեկ Բագրատյանը այստեղ կոչ արեց, քանի՞ հոգի գնացին: Մեր կամքից անկախ մտել է այս ձեւաչափը, սրան հաջողվել է մեր օրակարգը շեղել: Ունենք այն, ինչ ունենք: Իմ խնդիրն է հայրենիքն ազատագրել, պետք է համախմբվել: Ես Չապաեւը չեմ, որ սուրը ձեռք առնեմ, ես քաղաքական գործիչ եմ, պայքարում եմ քաղաքական գործիքներով: Մենք ասում էինք 2018-ի մայիսին, մեզ ասում էին՝ դուք ու Աշոտյանը պաշտոնի կռիվ եք տալիս, հիմա ոչ ես կամ, ոչ Աշոտյանը, վայելե՛ք»:
Նա ասաց, որ պայքարելու են «նիկոլիզմի» դեմ, որը աղանդավորություն է. «Ասում են՝ ճիշտ է, թուրքը մեզ ատում է, բայց մենք էլ ունենք երգեր, որտեղ ասվում է Ստամբուլը արյան ծով կսարքենք, բայց Ստամբուլը խի՞ ենք արյան ծով սարքում, արա՛, 1,5 մլն մորթել են մեզ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ