Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքյան ճշմարտության պահը. լյուստրացիա հայկական ձեւով

Մայիս 18,2021 22:00

Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Սեւ լճի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը 3,5 կմ խորությամբ Հայաստանի սուվերեն տարածք աննախադեպ լարվածություն ստեղծեց, դարձնելով այն միջազգային դիվանագիտության օրակարգի հարց։
Պաշտոնական Երեւանը տասնամյակներով «հավաքած» երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով բոլոր միջազգային պայմանագրերը դրել է շարժման մեջ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ։ Սակայն, խնդիրը մնում է չլուծված։

Այս ընթացքն ակամայից նաեւ դարձավ Հայաստանում երեսունամյա ողջ անվտանգային պատկերացումների, դրանից բխող իրավա-պայմանագրային հիմքերի, դրանց «առողջության» վիճակի լյուստրացիայի մի գործընթաց. հենց այն լյուստրացիայի, որի անունը լսելիս՝ ոմանք ցնցումների մեջ էին ընկնում, որ այն հանկարծ տեղի չունենա։ Բայց դա տեղի է ունենում, իր մեջ ներառելով նաեւ հետպատերազմական գործընթացների եւ դրա օրգանական շարունակությունը հանդիսացող նախընտրական տրամաբանությունն՝ արդեն Հայաստանի ներսում։

Ի՞նչ ի հայտ բերեց այս Սյունիքյան ճշմարտության պահը։ Նախեւառաջ այն, որ Հայաստանի անվտանգության քաղաքականությունը սնանկ է, անպտուղ եւ կեղծ, որ երեսուն տարվա ընթացքում այդ «հավաքած» իբր երաշխիքները երաշխիք չեն։ Այդ երաշխիքներն, ինչպես ասված է, «կշռվեցին եւ գտնվեցին թեթեւ»։

Իբր մենք անդամակցում ենք «ռազմական դաշինքին», որը մինչ օրս այդպես էլ որեւէ հոդաբաշխ գնահատական չտվեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանին, եւ պարզ դարձավ, որ մենք այնտեղ դաշնակից չունենք։ Իսկ երկկողմ «երաշխիքները» Ռուսաստանի մասին ավելի թեթեւ են, քան այն թուղթը, որի վրա նրանք շարադրված են, քանզի, այդ երաշխիքները գործնականում, կարծես, ավելի շատ մեր հակառակորդի օգտին են, քան մեր, ավելի շուտ՝ դա մեզ նույնիսկ չի էլ վերաբերվում, դա մեր մասին էլ չէ։

Չափազանց ուշագրավ է հայ, ադրբեջանցի եւ ռուս զինվորականների՝ եռակողմ ձեւաչափով ընթացող բանակցությունների շուրջ գեներացվող տեղեկատվական-ապատեղեկատվական հոսքերի դինամիկան եւ տրամաբանությունը։ Չափազանց զգայուն եւ նաեւ պատերազմի եւ խաղաղության տեսակետից չափազանց վտանգավոր այս իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված այս բանակցային գործընթացը, որն արդեն մի քանի օր է ինչ շարունակվում է, առնվազն պահանջում է խորհրդապահության պատշաճ աստիճան։ Սակայն, արի ու տես, կիրակի երեկոյան այդ բանակցությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում ԱԺ առանձին պատգամավորների, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած առանձին կուսակցական գործիչների, որոնք մեզ «ավետում են», թե ինչ է տեղի ունենում այդ բանակցություններում, ինչ են խոսել, եւ, իհարկե, «ինչի դիմաց են հայրենիքը ծախել» բանակցողները, ընդ որում՝ սեփական «տեղեկություններով»։ Ի՞նչ է սա, եթե ոչ դիվերսիա ընդդեմ սեփական երկրի, որը հնարավոր է դառնում ամեն անգամ բացարձակ թողտվության պայմաններում։ Եվ զարմանալիորեն, այդ դիվերսիոն ակտիվություն ցուցաբերող շրջանակը «պատահականորեն» համընկնում է «Ռուսաստանի հետ է՛լ ավելի խորը հարաբերությունների» ջատագով շրջանակի հետ, ընդ որում՝ մեկին մեկ…

Եվ ուրեմն, ակնհայտ է մի բան, որ այսօր Ռուսաստանը եւ Թուրքիան, Բաքվում տեղակայված բերանով՝ պահանջում են Հայաստանից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որի վրա չի տարածվելու Հայաստանի Հանրապետության սուվերենությունը եւ վերահսկողությունը, այլ դա «եղբայրաբար» իր վրա է վերցնելու ռուսական կողմը։ Դրա հաջողության համար ռուսական կողմին Արցախի կարգավիճակի անորոշությունից բացի անհրաժեշտ է ե՛ւս մեկ «անորոշություն», որպեսզի Հայաստանի ազդեցությունը նվազագույնի հասցնելով Արցախը «փրկելուց» հետո ռուսները գան եւ նույն ոգով «փրկեն» նաեւ Սյունիքը. դա սահմանների իբր անորոշությունն է։ Այն, ինչ Ալիեւը պահանջում է մեզանից, չարժանանալով որեւէ կշտամբանքի մեր «դարավոր բարեկամի կողմից», դա նույնն է, ինչ 1939-ին Հիտլերը պահանջում էր Լեհաստանից՝ այսպես կոչված «Դանցիգյան միջանցք»։ Նացիստական առաջնորդը եւս սպառնում էր լեհերին, որ «եթե դա տեղի չունենա խաղաղ ճանապարհով, ապա դա կարվի ուժի գործադրմամբ»։ Բնականաբար, Հիտլերը ե՛ւս՝ այդ աստիճան չէր լկտիանա, եթե պայմանավորվածություն չունենար բոլշեւիկյան տեռորիստական պետության հետ, որը Լեհաստան պետությունը համարում էր «Վերսալի պայմանագրի այլանդակ զավակ», իսկ «Դանցիգյան միջանցքը», որը կարող էր նաեւ շարունակվել դեպի նացիստական ռայխի «նախիջեւան» Արեւելյան Պրուսսիան՝ եւս մեկ շահառու ուներ, եւ դա Ստալինի հորդան էր։ (Ահա որտեղից են նաեւ սերում Երկրորդ համաշխարհայինի պատմության նկատմամբ այդ հիվանդագին արձագանքները Կրեմլում, ահա որտեղից է նաեւ սերում Ստալին-Հիտլեր պակտի ռեաբիլիտացիան, ահա որտեղից է սերում Անկարայում ռուս դեսպանի ստորաքարշ եւ զազրելի ելույթը Լենին-Աթաթուրք պակտի հարյուրամյակի «հանդիսություններին», ահա թե ինչու են Մոսկվայում եւ Բաքվում Նժդեհի անունից «հիվանդանում» եւ ընկնում հիսթերիկայի մեջ)։

Այսօր Ալիեւի լկտիության «տանիքը» նույնն է. այդ «Զանգեզուրի միջանցքի» բացահայտ շահառու են թե՛ Թուրքիան, թե՛ մեր «դարավոր բարեկամը», որի համար բոլոր հետխորհրդային երկրներն են «Բելովեժյան պայմանագրի այլանդակ զավակներ», որոնց պետք է «վերադարձնել ռուսական աշխարհ՝ ի հեճուկս անբարոյական Արեւմուտքի»։ Ալիեւի պարագան եւս պարզ է. նրա իդեա-ֆիքսը մնում է հայերի ցեղասպանությունը Հարավային Կովկասում։ Նա է բաց տեքստով ասել, որ «մեր թշնամին՝ համաշխարհային հայությունն է», եւ հենց այս իդեա-ֆիքսն է շահագործում եւ ձգտում դրանից մեզ «փրկել» մեր «դարավոր բարեկամը»։

Պաշտոնական Երեւանը բաց տեքստով է հայտարարում. «Ոչ մի միջանցք»։ Մենք կողմ ենք թե՛ հաղորդակցության բոլոր ուղիների բացմանը, թե՛ բաց տարածաշրջանին, սակայն դա չի՛ կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության սուվերենության հաշվին, չի՛ կարող տեղի ունենալ հայության որեւէ հատվածի ցեղասպանության, «էթնիկ զտման», կամ այլ նացիստական մեթոդների գործածմամբ։
Հայաստանը կանգնած է անցած ուղին վերաիմաստավորման, վերագնահատման հրամայականի առաջ. մեզ պետք չե՛ն կապանքներ, մեզ պետք են նոր դաշնակիցներ եւ նոր դաշինքներ, մեզ պետք է նոր որակի պետություն՝ առանց բացահայտ գործող հինգերորդ շարասյուների։ Սա է տարածաշրջանում արժանապատիվ խաղաղության եւ հայոց ազատ եւ անկախ պետականության հարատեւության միակ բանաձեւը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31