Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դիտարկմանը, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ասում էր՝ «դե եթե տղա եք՝ պահեք», 20 տարի ապացուցեցին, որ ինքը սխալ է, պահեցին հողը, նա նույն հարթության մեջ է դնում հաղթած նախագահներին ու Փաշինյանին, այս տեսակի հետ միավորվելը ի՞նչ իմաստ ուներ՝ պատասխանեց. «Եթե ճիշտ լիներ միավորվելն ու մի ցուցակով գնալը՝ մի ցուցակով կգնայինք: Առնվազն տարօրինակ է եւ զավեշտալի, որ մի մարդ, ով եղել է արցախյան շարժման ակունքներում, ում օրոք հաղթական զինադադար է կնքվել, մեր հաղթանակած 1998-2018-ի 20 տարիները հավասարեցնում է պարտության, կապիտուլյացիայի, ամոթի ու ազգային խայտառակության 3 տարիների հետ: Ինչպե՞ս կարելի է համեմատել մի բան, որը ինքն էլ է ողջունել, ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ 2017-ին նախընտրական երկու ելույթ է ունեցել, ասել է՝ ինքը եթե մի հարց կա, որտեղ պաշտպանում է գործող իշխանությանը, դա ղարաբաղյան հարցի բանակցային փաթեթն է, որն իրականացնում է Սերժ Սարգսյանը՝ Էդվարդ Նալբանդյանի: Դրանից հետո ինքը համեմատում է Նիկոլի կապիտուլյացիայի, ինչպես ինքն է ասում՝ ազգակործան պատուհասի գործունեության, 5000 զոհի, 10 հազարից ավելի վիրավորների, Հադրութի, Շուշիի, Թալիշի, Մատաղիսի հանձնման հետ:
Կյանքը ապացուցել է, որ Վազգենը, Սերժը, Ռոբերտը ճիշտ էին, առաջին նախագահը՝ ոչ: 2016-ին էլ պատերազմ եղավ, մենք ապացուցել ենք, որ ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ բանակցություններում մենք հաջողել ենք: Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը լավագույն էին ամբողջ բանակցային ժառանգության, որտեղ Արցախի ժողովուրդը փաստաթղթով ստանալու էր վերջական կարգավիճակ, ոչ Շուշիի մասին խոսք կար,ոչ Հադրութի, ոչ 5000 զոհի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ