ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին,
ՊՆ ժ/պ Վաղարշակ Հարությունյանին,
ԱԱԾ տնօրենի ժ/պ Արմեն Աբազյանին,
ԱԳՆ ժ/պ Արա Այվազյանին,
ոստիկանապետի ժ/պ Վահե Ղազարյանին
Հաշվի առնելով, որ սահմանային ճգնաժամիշուրջ առկա է բազմակողմանի տեղեկատվության պակաս, անորոշություն, ապատեղեկատվության տարափ, ինչպես նաև հասարակության լայն շրջանում՝ զանգվածային խուճապ, իսկ երկրի վարչապետն ու իշխանությունների ներկայացուցիչները հայաստանյան ԶԼՄ-ներին ու լրագրողներին մեղադրում են «ադրբեջանական քարոզչություն» իրականացնելու մեջ, «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել.
- Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել
- Չեղարկել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև բացառել խտրական վերաբերմունքը, որպեսզի հանրությունը լինի տեղեկացված՝ սահմանային իրադարձությունների վերաբերյալ
ՈՐՈՎՀԵՏԵՎ՝
- Մեզ լռեցրել եք COVID-19-ի ժամանակ
- Մեզ լռեցրել եք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ
Փաստացի ստեղծել եք ինֆորմացիոն բլոկադա, որի հետևանքով ոտնահարվել են ինչպես լրագրողների աշխատանքային, այնպես էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքները, ինչը ձևավորել է նաև անվստահության մթնոլորտ նաև մեր՝ լրագրողներիս նկատմամբ։
Կարդացեք նաև
Հայաստանյան լրատվական դաշտը, բացառությամբ մեկ-երկու «արտոնյալ» լրատվամիջոցների, փաստացի արգելանքի տակ է և հնարավորություն չունի մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակահատվածում իր մասնագիտական պարտքը կատարելու՝ ՀՀ սահմանային հատվածներում տիրող իրավիճակն արձանագրելու, փաստահավաք գործունեություն ծավալելու, փաստավավերագրական նյութեր տեսալուսանկարահանելու առումով: Հիշեցնենք, որ նման պահանջ ՀՀ կառավարությանը ներկայացրել էր Ադրբեջանը:
Անհերքելի է, որ Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունը ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին: Ուստի պահանջում ենք չեղարկել ԱԱԾ-ի գործողության թույլտվությունը, ըստ որի մինչ այժմ լրագրողներին արգելվում է ՀՀ սահմանային շերտերում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Ելնելով տեղեկատվական բլոկադայի անհանդուրժելի իրավիճակից՝ պահանջում ենք ապահովել լրագրողների անվտանգ տեղաշարժը՝ սահմանային գոտիներ, որի համար նախաձեռնում ենք այս ստորագրահավաքը։
Ստորագրահավաքը բաց է և կարող են միանալ բոլոր լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները՝ մայիսի 18-ին, ժամը 18-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնություն