Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի կամք դրսեւորենք եւ հառնենք». Սեդրակ Մամուլյանը՝ Տոլմայի 10-րդ փառատոնի մասին

Մայիս 18,2021 15:46

«Տոլմայի փառատոնն արդեն իրականացվում է 10-րդ անգամ: Այն այս տարի կկայանա Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում` մայիսի 22-ին»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Պատմությունը շատ հապճեպ ստացվեց, 2011թ մենք առաջին անգամ իրականացրինք փառատոնը: Հապճեպ այն առումով, որ այն հաջորդեց Իլհամ Ալիեւի ելույթին, որը տեղի ունեցավ իրենց գիտությունների ակադեմիայի շենքի բացման օրը: Ալիեւն անդրադարձավ իբր մեր կողմից իրականացված մշակութային ու պատմական կեղծիքներին: Նա նաեւ խոհանոցին անդրադարձավ եւ կոնկրետ տոլմային: Հենց այդ տարվանից սկսեցինք իրականացնել Տոլմայի համահայկական փառատոնը»,-ասաց պարոն Մամուլյանը:

Նրա խոսքով, խորհրդանշական էր, որ առաջին փառատոնն իրականացվեց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում. «Շեշտը դնելով Սարդարապատի վրա` մենք ցանկացանք մշակութային ժառանգության նշանակությունը եւ ինքնապաշտպանության ընդհանուր զգացողությունը համադրել, մեր հասարակությանը հասկանալի դարձնել, որ մշակութային հարձակումը նույնպես վտանգավոր է, ուստի հարկավոր է պաշտպանվել նաեւ մշակութային դաշտում»:

Դառնալով 10-րդ հոբելյանական փառատոնին` Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ այն նախատեսում է 20-25 տաղավար, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, թիմեր: Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ, իրականացվելու է մրցույթ, որի ընթացքում 3 անվանակարգում (լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում) մրցելու են թիմերը: Կա նաեւ գլխավոր մրցանակ, որը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած թիմին:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահն ասաց, որ պայմանավորված երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վիճակով` իրենք եւս մտորումների մեջ էին` իրականացնե՞լ, թե՞ ոչ Տոլմայի համահայկական փառատոնը: «Ցավոք սրտի մեր առօրյա կյանքում շատ է հանդիպում այն ասացվածքը, որ պիտի ողբանք մեռելոց, բայց գոնե նաեւ կոչենք ապրողաց, դրա համար որոշեցինք իրականացնել փառատոնը: Որովհետեւ եթե ուղղակի սուգ անենք, ոչ մի առաջընթաց կամ որեւէ ծրագիր չնախաձեռնենք, ոչնչով չենք օգնի արհավիրքից տուժած մեր հայրենակիցներին…Ուղղակի պիտի կամք դրսեւորենք եւ հառնենք, սա է նպատակը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31