Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վստա՞հ ենք, որ զինվորականներին նախօրոք չեն ասել՝ որևէ գործողություն չձեռնարկեք». Թևան Պողոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Մայիս 18,2021 15:23

«Ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի, ամբողջ հասարակության անվտանգությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ահազանգեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նա մտահոգություն հայտնեց՝ ՀՀ գլխավոր օրենքները չեն կատարվում, հատկապես Զինված ուժերի պարտականությունները: Նա մանրամասնեց. «6-րդ օրն է դիվերսիոն խումբ կամ ահաբեկիչներ են ներթափանցել ՀՀ տարածք, փոխանակ անեն այն, ինչ օրենքով պահանջվում է, այդ խմբերին չեզոքացնեն, հայտնվել ենք մի իրավիճակում, որը շատ նման է Քենեդիի հայտնի խոսքերին: Իր երդմնակալության օրը, Քենեդին հայտարարեց՝ Աստված տա Ամերիկան երբևէ չվախենա բանակցություններից և հանկարծ այնպես չլինի, որ բանակցի վախից դրդված: Այսօր մենք երկրորդ իրավիճակում ենք: Մինչև սեպտեմբերի 27-ը ՀՀ-ն երբևէ չի վախեցել բանակցություններից, դրանից հետո բանակցում է վախից դրդված»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ վերջին 6 օրերի ընթացքում ՀՀ պետական համակարգը չկարողացավ ոչ մի ձևով հանրության հետ շփվել, և մեր թշնամիները հիբրիդային հարվածներ հասցրին մեզ: Նա նշեց՝ ասում էին, որ մեր զինված ուժերը վերականգնված են և հարցրեց՝ իսկ կներեք՝ ինչո՞ւ չեն կատարում իրենց թիվ մեկ խնդիրը, որ ապահովեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը:

Թևան Պողոսյանը նկատեց՝ այսօր ՀՀ-ն՝ որպես հանրապետություն կաթվածահար վիճակում է. չի աշխատում ոչ մի պետական ինստիտուտ. միակ պետական ինստիտուտը, որ աշխատում է, ՄԻՊ-ն է, այն էլ չունի լիազորություններ, որ հրաման տա և այլն:

Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչու որպես միջնորդ բանակցություններին պետք է մասնակցի ոչ թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, այլ Արցախի Հանրապետության ռուսական զորքերի հրամանատարը: Նա շարունակեց. «Եթե դա ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում է, ապա այս տարածաշրջանի ամբողջ պատասխանատուն Հարավային Կովկասի տարածաշրջանային զորքերն են, ուրեմն դրանց հրամանատարը պետք է լիազորվեր»:

Թևան Պողոսյանի տպավորությամբ՝ պարտված իշխանություններն ունեն ստանձնած ինչ-որ պարտավորություններ կամ բանավոր համաձայնություններ, որ չեն կատարել, և հիմա Ադրբեջանը փորձում է դրանց հետևից գնալ ու անել: Թևան Պողոսյանն ասաց. «Օբյեկտիվ հարցադրում կարող է լինել՝ եթե Շուռնուխի և Որոտան գյուղի ինչ-որ կետեր դուք ինչ-որ քարտեզով համաձայնվել եք, հետ եք քաշվել, էդ քարտեզը միայն այդ գյուղերի մասի՞ն էր, թե՞ դրանում ՀՀ-ն էր: Եթե ընդունում էիք հիմա այդ քարտեզը, ինչո՞ւ մնացած տեղերում դրանով չեք առաջնորդվում: Եթե դա ՀՀ տարածքն է, ինչո՞ւ զինված ուժերը չեն կատարել իրենց պարտականությունը»:

Թևան Պողոսյանը ցավով նշում է, որ մենք միայն նոմինալ ձևով ունենք այս պահի դրությամբ զինվորականություն. «Փետրվարից հետո ունենք զինվորականներ, որ իրենց խոսքը չեն կարող տեղ հասցնել: Սյունիքում տեղական հրամանատարները ի՞նչ էին անում, որ միանգամից իրենց խնդիրը չէին կատարում: Տեղական հրամանատարը գիտի՝ դա իր կետն է և պիտի ոչնչացնի թշնամուն, որից հետո զեկուցի: Հիմա մեզ մոտ զեկույցներով գնացել է վերև, ասել են՝ ոչ մի բան չանեք, կամ մենք վստա՞հ ենք, որ իրենց նախօրոք չեն ասել՝ որևէ գործողություն չձեռնարկեք: Հազար հարցերի պատասխաններ պիտի ստանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31