Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Գեղամյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի 20 տարի առաջ գրած հոդվածը՝ Սյունիքով միջանցքի մասին

Մայիս 18,2021 15:27

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին։

Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։

Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է… Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սյունիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էության՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարավորությունը գերադասվում է Սյունիքի սողացող թյուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։

Որպես արևելագետ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրված այս հոդվածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականությունը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողություններ ունեցող մարդու կողմից է գրված, որը չի հասկանում, թե որքան կարևոր է Սյունիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգավոր Հայաստանի համար և թե իրականում ինչպես են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետություններ՝ Իրանից մինչև Վրաստան։

20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկա, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլյանտի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրելով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետությանը դատապարտելով վերջնական մահվան։

Եւ չնայած հայազգի թուրքամետների կողմից փորձ է արվում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրվելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլյացիա է, քանի որ, եթե Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է հատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխվում էությունը)։

Այ հենց էսպիսի հոդվածներով են դավաճանները թուլացրել հայկական պետության գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատվական պայքարի տարածմանը մեզանում ավելի քան 20 տարի։

Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31