«Շատ հետաքրքիր էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչու չանդրադարձավ, օրինակ` Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ-ն եւս մասնակցելու է ընտրություններին։ Բավականին հարցեր են առաջանում, եւ քաղաքացիները կփորձեն գտնել այդ հարցերի պատասխանները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած գնահատականներին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Գրիգորյանը։
Թե ինչու չեղավ նշյալ անդրադարձը, Կարեն Գրիգորյանը հետևյալ կարծիքը հայտնեց․ «Գուցե Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ են, գուցե ոչ։ Համենայն դեպս, իմ մոտ հետաքրքրական հարց առաջացավ, թե ինչու Սերժ Սարգսյանին անդրադարձ չեղավ, կամ 2017թ․-ին ինչու էր Տեր-Պետրոսյանը հանդես գալիս Արցախի տարածքները տալու տրամաբանությամբ։ Այս ամենը կարելի է կապել իրար հետ, կարելի է եւ չկապել»։
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի գնահատականին, որ «Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին»՝ Կարեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ որեւէ քաղաքական գործիչ չի որոշելու, թե ով լինի իշխանություն․ «Որոշելու է ժողովուրդը։ Տեր-Պետրոսյանը գուցե շատ է ուզում, որ մենք էլ չլինենք իշխանություն, բայց դա որոշում է ժողովուրդը։ Եթե խայտառակ լինելու մասին ենք խոսում, ապա պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ում իշխանությունը ձեւավորել է ժողովուրդը։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է խայտառակ լինելու մասին, լավ կլինի, որ 96թ․-ի ընտրություններից հետո առկա իրադարձությունները դիտարկի։ Դրանցից հետո մենք խայտառակ եղա՞նք, թե ոչ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ