Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Ադրբեջանը զբաղեցնի բոլոր հարմար դիրքերն ու բարձունքները, իհարկե, կսկսի նոր պատերազմ». Արմինե Ադիբեկյան

Մայիս 18,2021 14:42

«Այս իրավիճակը ստեղծվել է ոչ թե երեկ, այլ սեպտեմբերի 27-ին: Սա պատերազմի և նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի տրամաբանական հետևանքներն են», – այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը որդեգրել է նահանջողական քաղաքականություն, որն ավելի հոգեհարազատ է նրանց։

«Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, ինչով են նրանց շահագրգռել ու կաշառել, որ նրանք սկսել են մասնատել մեր հայրենիքը, բայց, այնուամենայնիվ, սա դեռ շարունակվում է և շարունակվելու է»,- ասաց ադրբեջանագետը։

Բանախոսի պնդմամբ, բոլոր զարգացումները սպասելի և ակնկալելի են։ Արմինե Ադիբեկյանը տեղեկացել է, որ ըստ պայմանավորվածության՝ հավասար չափով տեղակայված հայկական և ադրբեջանական ուժերից հայկականներն այսօր հետ են քաշվել: Նրա խոսքով, այսպիսով Ադրբեջանը տիրացել է տարածաշրջանի ջրի ակունքին և ամենաբարձր կետին, որից նրանք կարող են նաև հսկել Արցախ տանող ճանապարհները:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին էլ՝ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ուսումնասիրելով ադրբեջանական մամուլը տեղեկանում ենք, որ նրանք «գլխանց» ասել են, որ հայերին պատժելու են իրենց տարածքները 30 տարի օկուպացնելու համար: Կվերցնեն Գեղարքունիքը, հետո Տավուշը, հետո էլ երևի հերթը կհասնի Երևանին: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել է ադրբեջանցի ժողովուրդը և նա իրականացնում է Ալիևի՝ իր ժողովրդին տված խոստումը»:

Իրավիճակի հանգուցալուծման ելքերի մասով ադրբեջանագետը նշեց, որ նախ հարկ է, որ այս իշխանությունը հեռանա, երկրորդ հերթին՝ պատասխանատվության ենթարկվի ամեն մի կտոր հողի, ամեն մի զոհի, սերմանած ատելության համար: Արմինե Ադիբեկյանը փաստեց, որ մոտակա հիսուն տարին դժվար թե կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, սակայն Հայաստանում այլ իշխանության պայմաններում գոնե կկարողանանք Ալիևին արժանի պատասխան տալ:

Անդրադառնալով էլ վերջին օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից արվող հայտարարություններին՝ բանախոսն ասաց. «Մատուցողը, որն ունի հազիվ 8 տարվա կրթություն, նախարարը, ով բացեց Հայաստանի դռները կորոնավիրուսի առջև, որի պատճառով բնակչության 10 տոկոսը վարակվեց, իսկ 5 տոկոսն էլ մահացավ, իր ազգին ցեղասպանած իշխանավորները խոսում են Վահե Հակոբյանի մասին՝ որպես թշնամու առաջ դարպասներ բացող: Կամ Վիկտոր Ենգիբարյանը, որը տարիներով թուրքերի և բրիտանացիների փողերով իբր խաղաղասիրական ծրագրեր էր իրականացնում, հայ աղջիկներին «դեմ էր անում» ադրբեջանցիներին, ովքեր հետո Բաքվում պատմում էին ամեն ինչ, խոսում է 5-րդ շարասյունից, որը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամի»:

Անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Եթե Փաշինյանին թվում է, որ մեր երկրի մասնատմամբ կառուցվելիք ճանապարհը տնտեսական կապեր է բերելու, ապա սխալվում է: Ոչ ոք չի թողնելու, որ Հայաստանը զարգանա, Հայաստանը չի օգտվելու այդ ճանապարհից: Նույնիսկ այսօր Հայաստանը չի մասնակցում իր սահմանների շուրջ բանակցություններին: Դրանք ավարտվելու են այնպես, ինչպես շահավետ կլինի Ռուսաստանին և Ադրբեջանին: Իսկ երբ Ադրբեջանը զբաղեցնի բոլոր հարմար դիրքերն ու բարձունքները, իհարկե, կլինի նոր պատերազմ, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն հանդուրժի, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում»:

Բանախոսի կարծիքով արտահերթ ընտրություններին կլինեն կեղծիքներ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հենց կորցնի իր պաշտոնը և բազմահազար թիկնապահներին, լուրջ խնդիրներ է ունենալու, իսկ նա պետք է կանգնի ռազմական տրիբունալի առջև:

Արմինե Ադիբեկյանն ամփոփեց. «Ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին զգուշացնել, որ մեզ սպասում են ծանր տարիներ: Գուցե սոված մնանք, շատ աշխատենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարչակազմն արեց ամեն ինչ մեզ 100 տարի ետ գցելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31