Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում. Արսեն Թորոսյան

Մայիս 18,2021 14:38

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»:

Արսեն Թորոսյանը  ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված  ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին:

Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցներ, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվեարկության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն  շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական  գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:

Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31