«Եթե ունենանք իրավիճակի սրացում, դա քննարկելի կդառնա։ Բայց այս պահի դրությամբ նման քննարկում չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում իրավիճակով պայմանավորված՝ հնարավո՞ր է արտահերթ ընտրությունները հետաձգվեն։ «Հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի, եւ ընտրությունները տեղի կունենան»,-նշեց Կարեն Գրիգորյանը։
Սյունիքում իրավիճակի վերաբերյալ առհասարակ պատգամավորը հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Տեւական ժամանակ է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ճնշումներ են իրականացվում՝ փորձելով իրավիճակից հնարավորինս շահած դուրս գալ։ Սյունիքյան դեպքերը համարում եմ այդ մեթոդներից մեկը, որի արդյունքում Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգուտ քաղել։ Մեր գերխնդիրն է՝ հնարավորինս ճնշել ՀՀ սահմանի հանդեպ ոտնձգությունները»։
ՀԱՊԿ-ից ակնկալիքների վերաբերյալ Կարեն Գրիգորյանն ասաց․ «Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի։ Դա, ըստ էության, ՀԱՊԿ-ի պարտավորությունն է»։
Կարեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ քննադատություններին, թե Սյունիքում իրավիճակն իշխանության անգործության հետեւանքն է։ «Խնդիրը նրանում է, որ հետպատերազմյան իրավիճակ ունենք, Հայաստանն էլ պարտվածի դիրքերում է։ Այս ամենը դրա մասին է խոսում։ Եթե անգամ այլ իշխանություն լիներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական մոտեցումը մնալու էր նույնը։ Իսկ առհասարակ պետք է լինի այն իշխանությունը, որն ընտրված է ժողովրդի կողմից»,-համոզմունք հայտնեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ