Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնահերթ միջոցառումների ցանկում անհրաժեշտ է ընդգրկել հայկական նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը. Կարեն Ղազարյան

Մայիս 18,2021 14:08

ՀՀ նոր ԱԷԿի կառուցման ակնարկ

Պետական անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերության, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի արդիականացումն ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից է և առաջիկայում մրցակցային տնտեսության զարգացման կարևոր նախապայման:

Հայաստանի նոր կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ցանկում անհրաժեշտ է ընդգրկել հայկական նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ-ի) կառուցման ծրագիրը:

Հայտնի է, որ ներկայումս շահագործվում է ՀԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ N2 էներգաբլոկը: «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիան կազմում  է մոտ 2.55 մլրդ կՎտԺ, ինչը ՀՀ-ում առաքված էլեկտրական էներգիայի մոտ 36%-ն է: Ըստ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի՝ այն կգործի մինչ 2026թ.։

Նշեմ նաև, որ ներկայումս ԱԷԿ-ի 600 Մվտ հզորությամբ 1 մոդուլային բլոկի կառուցման արժեքը կազմում է մոտ 3.5 – 4 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ ենթակառուցվածքները, իսկ կառուցման ժամկետը մոտ 5 տարի է:

Հայաստանն ունի նաև արևային էներգիայի մեծ ներուժ (1 մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2  ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։

Անհրաժեշտ է փաստել, որ վերջին  5 տարիների ընթացքում  վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային և հողմային էներգետիկայի  զարգացման ուղղությամբ կատարվել են օրենսդրական և նորմատիվ բավարար կարգավորումներ։

ՀՀ-ում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և պոտենցիալ 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Չնայած այդ հսկա պոտենցիալին, ներկայումս արևային և հողմային էլեկտրակայանների, ինչպես նաև ինքնավար արտադրողների կողմից առաքվել է էլեկտրաէներգետիկական համակարգի 1%-ից պակաս էլեկտրաէներգիա:

Հարկ է նշել, որ արևային և հողմային էլեկտրակայանների զարգացումն ամբողջությամբ չի կարող կոմպենսացնել ՀԱԷԿ-ի առաքած էլեկտրաէներգիան, հատկապես հաշվի առնելով միջազգային տրենդերը՝ մինչև 2030թ. ավտոտրանսպորտային միջոցների մինչ 30% կանխատեսվող փոխարկումն էլեկտրամոբիլների, 5G ցանցերի ներդրումը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների տարածման տենդենցները։

Համադրելով թվերը կարող ենք փաստել, որ նոր ԱԷԿ-ը 1 ՄՎտ հզորության հաշվարկով կարտադրի է մոտ 8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Պետության կողմից գնման սակագինը կազմում է 7 ՀՀ դրամ՝ համեմատած 24,2 դրամ արևային կայանների կողմից առաքված Էլեկտրաէներգիայի։ Արևային էլեկտրակայանի 1 Մվտ հզորության կտրվածքով ցանցին միջինում առաքվում է 1,7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ կառուցման ինքնարժեքը կազմում է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ԱԷԿ-ի 1 միավորի հաշվարկով դրվածքային հզորությունը 2-2.5 անգամ կապիտալ ինտենսիվ է (թանկ է): Սակայն, հաշվի առնելով արևային վահանակների առավելագույնը 20 տարի շահագործման ժամկետը և ԱԷԿ-ի 40 տարվա շահագործման հեռանկարը՝ միավորի հաշվարկով նման ներդրումները կարելի է ընդունել համարժեք։

Ավելին, հաշվի առնելով ԱԷԿ-ի հավասարաչափ գեներացիան՝ ի հակադրություն արևային կայանների (ցերեկը՝ պիկային գեներացիա, գիշերը՝ 0),  այն ավելի նախընտրելի է: Իսկ միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետները միանշանակ կփաստեն ԱԷԿ-ի նշանակությունը երկրի զարգացման ռազմավարական առումով, ինչպես նաև գիտության և երիտասարդ մասնագետների կրթության ասպեկտներում ԱԷԿ-ի կարևորությունը:

Արդյունավետության առումով մրցունակ այլընտրանք կարող է համարվել ժամանակակից, բնական գազի համակցման ցիկլով աշխատող ՋԷԿ-ը՝ բնական գազ արդյունահանող երկրների դեպքում կամ երկարաժամկետ ու կայուն մրցունակ գնով բնական գազի մատակարարման պարագայում:

Հարց է առաջանում է, իսկ որտեղի՞ց գումար հայթայթել նոր ՀԱԷԿ-ի կառուցման համար: Վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում առկա է դրամական միջոցների բավականաչափ ավելցուկ, որը դժվար է կիրառություն գտնում մասշտաբային ներդումային ծրագրերի ֆինանսավորման նախագծերում, քանի որ դրանց քանակը նվազել է: Վերջին տարիներին ԱՄՆ, Չինաստանի և ԵՄ երկրների կառավարությունների տնտեսության խթանիչ փաթեթների և դրամավարկային «Քանակական մեղմացումների» (Quantitave easing monetary policy) հետևանքով ձևավորված միջազգային ավելցուկ միջոցները հնարավոր է ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նմանատիպ մասշտաբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Անհրաժեշտ է բանակցել ոչ թե սուվերեն երաշխիքի դիմաց վարկավորում ստանալու և պետական պարտքը ավելացնելու ձևաչափով, այլ խոշոր երկրների կառավարությունների և/կամ միջուկային էներգետիկայի խոշորագույն ռուսական, ֆրանսիական և ամերիկյան ընկերությունների հետ (օրինակ՝ «Ռոսատոմ» կամ «AREVA») EPCM պայմանագրի (այն է՝ նախագծման, մատակարարման, շինարարության և կառավարման պայմանագրի) շրջանակներում՝ հստակ նախանշելով ծրագրի գործունեության ընթացքում հիմնական ցուցանիշները (KPI)։

Այս ամենն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ընդամենը հետևյալը․

ունենալ տնտեսական զարգացման հայեցակարգ՝ համալիր և հետևողական մոտեցումներով,  որոնց  արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է հավաքագրել գրագետ ու փորձառու բանակցողների և խորաթափանց որոշում կայացնողների թիմ։

Սրանք են տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները,  որոնց լուծման պարագայում երկրում կգրանցվի բեկումնային դրական արդյունք և միայն այդ դեպքում արժանի կլինենք մնալ միջուկային երկրների ակումբում, հետ չընկնել միջազգային տենդենցներից, մշտապես խրախուսել մեր երկրի կրթության և գիտության զարգացումը՝ դաստիարակելով բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետներ:

Կարեն ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մագիստրոսի որակավորում է ստացել Նյու Յորքի Սիրաքուզի համալսարանի Մաքսվելի դպրոցում: Վերապատրաստվել է Հարվարդի բիզնես դպրոցում։ Դանիայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ճանաչված է ընկերությունների ձեռքբերման իր հաջողակ գործարքներով, իսկ Հայաստանում՝ որպես արդյունաբերության ոլորտ խոշորագույն ներդրումներ ներգրաված հակաճգնաժամային կառավարիչ: 2019թից սկսած ներդրումներ է իրականացնում ՀՀ էներգետիկայի և միջազգային ֆինանսական ոլորտներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31