Լրահոս
Օրվա լրահոսը

«Лачинский коридор» ցուցանակը ծանր ազդեցություն թողեց Բերձորում ծնված մեծացած երեխաների վրա». «Մերան» թերթի գլխավոր խմբագիր

Մայիս 18,2021 14:02

Մայիսի 18-ից Հովհ. Թումանյանի թանգարանում բացվում է «Հայկական Քաշաթաղը» խորագրով լուսանկարների ցուցահանդես: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ ցուցահանդեսի օրը պատահական չի ընտրվել: «Մայիսի 18-ի ցուցահանդեսով պետք է նշվեր Քաշաթաղի ազատագրման 29-ամյակը, բայց այժմ ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Անի Եղիազարյանը:

Անի Եղիազարյան

Հավելեց, որ դեռեւս անցյալ տարվանից թանգարանը սկսել էր մի նախագիծ, որը կոչվում է «7 Սարի ետեւում»:

«Դա հայրենագիտական, կրթական, գիտական մի փառատոն է: Այն ժամանակ մեզ հայտնի չէր, թե ինչ է մեզ սպասվում: Ծրագրի նպատակը երիտասարդների հայրենաճանաչությունն է: Այս մտքի առաջնորդը Թումանյանն է եղել, որը ազգի հարատեւման համար երկու կարեւոր հիմնաքարեր էր առանձնացնում` ազգագրությունն ու հնագիտությունը: Եվ ասում էր, որ անցյալի լուսատու լապտերով` այս գիտելիքով հարստացած կարող է միայն ապագայի ճանապարհները լուսավորել: Եվ Թումանյանի այս ուղերձն ունենալով` թանգարանը նախաձեռնեց մեծ ծրագիր»,-նշեց թանգարանի տնօրենը:

Ասաց, որ ծրագիրը թանգարանն իրականացնում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ- հետ համագործակցությամբ, ներառված է նաեւ գիտական լուրջ հանրույթ: Հավելեց, որ շուրջ 5 ամիս տեւած փառատոնի արդյունքում ունեցել են 10 հաղթող մասնակից, որոնցից 1-ը հենց Քաշաթաղի շրջանից էր:

Զոհրաբ Ըռքոյան

«Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը տեղեկացրեց, թե ինչ լուսանկարներ կարելի է դիտել ցուցահանդեսին. «Ցուցահանդեսում ցուցադրվելու են Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանները, հիմնականում քրիստոնեական եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, որոնք վկայում են Քաշաթաղի` հազարամյակներ շարունակ հայկական լինելու մասին: 1992թ մայիսի 18-ին տեղի ունեցավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի` նախկին Լաչինի եւ Աղավնո գյուղի ազատագրումը, եւ հենց այդ ազատագրումով տեղի ունեցավ Արցախ-մայր Հայաստան կապը, բացվեց կյանքի ճանապարհը, որը միջազգային կառույցներն անվանում էին Լաչինի միջանցք:

Վերջերս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու երգչախմբին Սուրբ Համբարձման տոնին ուղեկցեցինք Բերձոր, որտեղ տեղի ունեցավ սուրբ Պատարագ, եւ տեսանք, որ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակից առաջ արդեն գրված է «Лачинский коридор», որը շատ ծանր ազդեցություն թողեց մեր երեխաների վրա, որոնք ծնվել-մեծացել են Բերձորում եւ այսօր ստիպված տեղափոխվել են Հայաստան, ապրում են Երեւանում ու տարբեր մարզերում:

Տարիներ շարունակ մեծ շուքով տոնում էինք Բերձորի ազատագրման օրը, առավոտից մինչեւ երեկո տոնախմբություն էր լինում, մշակութային ծրագրեր, հրավառություն: Այսօր 29 տարվա մեջ առաջին անգամ չի լինի այնպես, ինչպես նախկինում էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31