Հավանաբար, կարմիրգրքյան բեզոարյան այծերը սիրում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Մանուկ Մանուկյանին կամ նրա տեսախցիկը։ Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը ցուցադրող այս լուսանկարներում կենդանիները կարծես պատրաստվել են լուսանկարահանման և համբերատար սպասում են գեղեցիկ կադրի։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Այդ իսկ պատճառով բեզոարյան այծերը զգում են ապահովություն և նրանց կարելի է դիտարկել, ինչպես նաև՝ լուսանկարել։
CWR անտառապահները Արարատի մարզից մինչ Վայոց ձոր ձգվող մասնավոր կերպով պահպանվող գոտին հսկում են 24 ժամ շաբաթը 7 օր սկզբունքով։ Ամբողջ տարածքում տեղադրված են թակարդ-տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս լուսանկարել և հետևել կենդանիների շարժին։ Այս տեղեկատվությունը կարևոր է նաև որոշ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու տեսանկյունից։
Ապաստարանի տեսախցիկները ոչ միայն ուղիղ անցում են ապահովում դեպի վայրի բնություն, այլև կանխում են ապօրինի ներխուժումները և որսագողությունը՝ ապահովելով տարածքի անվտանգությունը: 2011թ.-ից սկսած տեսանյութերի վերլուծությամբ տարածքում գրանցվել է կարմիրգրքային կենդանատեսակների քանակական աճ, որոնց թվում՝ բեզոարյան այծեր, գորշ արջեր, մորուքավոր անգղեր, քարարծիվներ, սպիտակագլուխ անգղեր, երկարաոտն սցինկ և այլն: Տարածքում բազմիցս տեսագրվել են գորշ գայլեր, կովկասյան լուսաններ, գորշուկներ, կզաքիսազգիներ և վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ տեսանկարահանվել է Կովկասյան հովազը, որից, ըստ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի ՀՀ-ում կարող է հանդիպել առավելագույնը 8-13 առանձնյակ։
Կարդացեք նաև
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան