Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է, թե այնտեղ դիրքեր չեն եղել». Տիգրան Աբրահամյան

Մայիս 18,2021 12:52

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ ասաց. «Սահմանի այդ հատվածը եղել է չպաշտպանված եւ հնարավորություն է ստեղծվել դիրքավորվել: Ամենամեծ խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն է, որի հետեւանքով ստեղծվել է ծանր իրավիճակ ու Հայաստանը ստիպված է եղել դիմել ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի օգնությանը»:

Ըստ փորձագետի, այն, ինչ այսօր տեղի է ունենում Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ, Արցախի իրավիճակի շարունակությունն է. Ադրբեջանն ուզում է օգտագործել այս իշխանությունների «թույլ լինելը, անգործությունը»: Ըստ նրա՝ շատ հիմար պետք է լինի, որ չօգտվի ստեղծված իրավիճակից. «Այս իշխանության համար հայրենիք գոյություն չունի, ասում են՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի տարածքները…այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ամբողջական հայտնվել ենք մի ծուղակում, որտեղից ելք այս իշխանությունների հետ չկա…Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի ու խայտառակ հայտարարության, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է այն մասին, որ այնտեղ դիրքեր չեն եղել ու չէին կարող նրանք շրջափակման մեջ հայտնվել»:

Հարցին՝ Սյունիքում ի՞նչ տրամադրություններ կան՝ նա պատասխանեց. «Վերջին մի շաբաթվա ընթացքում եմ եղել, ինձ հետ հանդիպած մարդկանց մոտ խորը մտահոգություն կար: Մարդիկ գիտակցում էին իրավիճակի ողջ խորությունը: Այլ բան է, որ իշխանության ներսում բաժանարար գծեր են ստեղծել, թվում է, թե Սյունիքի խնդիրները սյունեցիներինն է, Ղարաբաղի խնդիրները՝ ղարաբաղցիներինը: Սա սկսվեց այն բանից, թե ինչու մեր որդիները պետք է ծառայեն Արցախում, չհասկացան, որ Արցախում կանգնած հայը պաշտպանում է երեւանցուն»:

Տիգրան Աբրահամյանը նշեց. «Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք ամեն օր թակում եք ձեր հարեւանների դռները՝ սուրճի համար, փողի համար, այսինքն, ոչ մի բան եք: Եթե ՀՀ-ն չի կարողանում իր նվազագույն խնդիրները լուծել ու անընդհատ դիմում է իր հարեւաններին, այդ ամենը ունի իր գինը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, բայց յուրաքանչյուր երկիր ռեգիոնում ունի իր շահերը»:

Հարցին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը պայմանավորվածության արդյունք չէ՞ր, որովհետեւ եթե մեր սուվերեն տարածք են մտնում, պետք է որ գերի վերցնեն՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ դա տարբերակներից մեկն է. «Մենք ունեցել ենք տարբերակ, երբ իշխանությունը իր որոշումը կայացրել է գաղտնի ու սա էլ կարող ենք դիտարկել որպես պայմանավորվածություն»: Երկրորդ տարբերակը, ըստ փորձագետի, այս իշխանությունների ապիկարությունն է. «Սա արդյունք է ոչ թե ադրբեջանական լկտիության, սանձարձակության, այլ նրա, որ մենք համապատասխան կահավորում չենք արել, դրա համար նոր պահանջներ են դնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31