Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ չօգտագործվող միջազգային իրավական հնարավորությունները. Տարոն Սիմոնյան

Մայիս 18,2021 12:38

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե Կառավարությունը գտնում է, որ մեր խախտված իրավունքների վերականգնման համար «զենքի դիմելու» ժամանակը չէ, ապա անհասկանալի է մնում, թե ինչու չի օգտագործում միջազգային իրավական ամբողջ զինանոցը Ադրբեջանին, նրա նախագահին ու վերջինիս հանցակից ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգայնորեն հետապնդելի վտարանդի դարձնելու համար…

Ի թիվս այլոց՝ ահա ևս երեք կարևոր լծակ, որ չի օգտագործվում՝
ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1983)
Ադրբեջանը վավերացրել է 2000 թ.-ին, Հայաստանը՝ 2004 թ.-ին։

Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:

ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ(1990)
Ադրբեջանը վավերացրել է 1997 թ.-ին, Հայաստանը՝ 2020 թ.-ին։

Հոդված 1
Սույն կոնվենցիայի նպատակներով՝
1. վարձկան նշանակում է ցանկացած անձ, որը՝
ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում՝ զինված հակամարտության շրջանակներում մարտնչելու համար.
բ) շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին՝ առաջնորդվելով գլխավորապես մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ, և որին հակամարտության կողմի կողմից կամ վերջինիս անունից փաստացի խոստացվել է այդ կողմի զինված ուժերում համանման կոչում ունեցող և գործառույթներ իրականացնող կոմբատանտներին խոստացվող կամ վճարվող գումարից էականորեն բարձր նյութական փոխհատուցում.
գ) հակամարտության կողմի քաղաքացի չէ և ոչ էլ հակամարտության կողմի կողմից վերահսկվող տարածքում բնակվող անձ է.
դ) հակամարտության կողմի զինված ուժերի անդամ չէ. և
ե) չի ուղարկվել հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից որպես իր զինված ուժերի անդամ՝ կատարելու ծառայողական պարտականություններ:

Հոդված 2
Ցանկացած անձ, որը հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում է սույն կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված վարձկանների, կատարում է սույն կոնվենցիայով նախատեսված հանցագործություն:

✅ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ (1984)

Ադրբեջանը վավերացրել է 1996 թ.-ին, Հայաստանը՝ 1993 թ.-ին։

Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։

✅ Ի դեպ՝ սա Ադրբեջանի դեմ չօգտագործվող իրավական լծակների ոչ սպառիչ ցանկն է։

Նշված կոնվենցիաները՝ բոլորն էլ ունեն հստակ մեխանիզմ իրավական գործընթաց սկսելու՝ բանակցություններ, արբիտրաժ, Արդարադատության միջազգային դատարան ճանապարհով։

Հ.Գ. Թե ինչո՞ւ Կառավարությունը չի օգտագործում այս հնարավորությունները, չգիտեմ։

Միայն գիտեմ, որ արդեն ութերորդ ամիսն է՝ սրա մասին ամեն կերպ բարձրաձայնում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ…

Ավելին, թե՛ ես, թե՛ ինձանից շատ ավելի լավ իրավաբաններ պատրաստ են օր ու գիշեր, առանց որևէ հատուցման աշխատել այս ուղղությամբ, բայց, կարծես թե, մենք էլի նախապատվությունը տալիս ենք անգործությանը կամ ինչ-որ պատրանքների հույսով ենք…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31