ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք»:
Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, որը Երեւան էր վերադարձել՝ մասնակցելու եղբոր՝ Հավաքական թիմերի մարզական կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Բեգլարյանի հուղարկավորությանը:
Գագիկ Բեգլարյանը հեռացել էր Հայաստանից 2019 թվականին, երբ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել «Հետքի» «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» հրապարակման հիման վրա:
Կարդացեք նաև
ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը»: