Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սահմանային իրավիճակին Երևանի արձագանքը կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում, հետևաբար Բաքուն համաձայն է Հայաստանի հետ սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հետ: Այդ մասին նա ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում:
«Ջեյք Սալիվանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության կապակցությամբ և ընդգծել նման տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը: Նա նաև ընդգծել է, որ կողմերը պետք է սկսեն կառուցողական քննարկումներ միջազգային սահմանի սահմանազատման շուրջ: Ջեյք Սալիվանը հաստատել է ԱՄՆ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության գործին»,- ասվում է Ալիև մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահն իր հերթին ասել է, որ Բաքուն հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության գործին»:
«Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին, հակամարտության ավարտից վեց ամիս անց կայուն է: Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում և ընդգծել է այդ գործընթացի անցկացման կարևորությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Ալիևը նաև հայտարարել է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը և այդ հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության սրմանը տարածաշրջանում, և ընդգծել է բոլոր վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով և բանակցային գործընթացի շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ