Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական փուլում ենք, բազում առաջարկներ կլսենք, բայց իմ պատկերացմամբ՝ 1 բան կա, որ պետք չի անել»․ ԿԲ նախագահ

Մայիս 18,2021 11:31

«Բարձր վարկային բեռի մակարդակ է առկա։ Նախորդ տարվա տնտեսական ակտիվության անկումը, սոցիալական խնդիրների սրումը, եկամուտների անկումը, վարկային պայմանների սրումը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն է ԿԲ-ի մոտեցումը վարկային բեռի բարձր մակարդակի առումով։ Իրապես, մեր շատ քաղաքացիներ եւ բիզնեսներ լուրջ խնդիր ունեն վարկերը սպասարկելու»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կենտրոնական բանկի 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Այո, նախորդ տարի ունեցել ենք ազգաբնակչության եւ բիզնեսի որոշակի եկամուտների անկում։ Որոշ տնտեսվարողներ ունեցել են խնդիրներ՝ վարկերի սպասարկման հետ կապված, սակայն բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելամիտ քաղաքականություն։ Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը կամ նվազեցնելով տոկոսադրույքը։ Այսինքն, խնդիրները փորձել են լուծել անհատական մոտեցումներով»։

ԿԲ նախագահի խոսքով․ «Պետք է նաեւ հասկանանք, որ բանկը, որպես բիզնես իրականացնող միավոր, ունի իր խնդիրները, եւ բանկերի ֆինանսական կայունությունը պահպանելը եւս կարեւոր մարտահրավեր է ՀՀ տնտեսության համար։ Կարծում եմ՝ նախորդ տարվա բանկ-հաճախորդ երկխոսությունը շարունակվում է նաեւ այս տարի։ Կան բազում հաճախորդներ, որոնք մինչեւ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ կարգավիճակում, քան նախատեսված էր մինչեւ համավարակը։ Երկխոսությունը խելամիտ է, եւ բանկերի կողմից որոշակի «թուլացումները» թույլ կտան այս ճգնաժամն ավելի հեշտ հաղթահարել»։

Մարտին Գալստյանի բնորոշմամբ՝ 2020թ․-ին բանկերի վարքագիծն ավելի կոնսերվատիվ պետք է լիներ․ «Ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ են լինելու, բայց դրանք ավելի բարձր են։ Պայմանների որոշակի խստացում կա։ Որոշ հաճախորդների բանկերը համարում են ավելի ռիսկային, բայց դա արդեն բանկի եւ հաճախորդի որոշելիքն է»։

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նաեւ նշեց՝ շուտով մտնելու ենք նախընտրական փուլ․ «Վստահ եմ, որ առաջիկայում վարկերի հետ կապված շատ առաջարկների պակաս չի լինի։ Շատ քաղաքացիներ իրապես ունեն խնդիր։ Մեզ շատ են դիմում առաջարկով, որ այն մարդիկ ու բիզնեսները, որոնք մինչեւ ճգնաժամը եղել են պարտաճանաչ վարկառուներ, ճգնաժամի ընթացքում դասակարգվել են եւ խնդիրներ ունեցել։ Հարցնում են՝ բանկերը չեն կարո՞ղ ընդառաջ գնալ, եւ իրենք գոնե օրենսդրական մակարդակում խուսափեն դասակարգումից, որպեսզի նոր վարկերի միջոցով հնարավորություն ունենան վերականգնվելու»։

Մարտին Գալստյանն այս առնչությամբ արձագանքեց․ «Այո, քաղաքական փուլում ենք, բազում առաջարկներ կլսենք։ Իմ պատկերացմամբ՝ ամենակարեւորը, որ պետք չի անել, սոցիալական քաղաքականությունը հակադրելն է վստահությանը։ Դեմ չեմ սոցիալական քաղաքականության ուղղվածությանը, բայց արդարությանը պետք է նայել ընդհանուր համատեքստում։ Չի կարելի ստեղծել իրավիճակ, երբ սոցիալական քաղաքականությունը կբախվի արդարության խնդրին։ Կառավարությունն է որոշելու՝ որքանո՞վ օժանդակել տնտեսվարողներին, եւ ամեն առաջարկ պետք է հավասարակշռի այդ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է բանկերի քաղաքականությանը, ապա բանկերից ավելի լավ ոչ մեկ չի տիրապետում խնդրին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31