Շրջանառության մեջ է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) առաջարկում է գործատուի նկատմամբ տուժանք սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս աշխատողին չի տրամադրում օրենքով նախատեսված արձակուրդը:
Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին, որպես կանոն, տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Սակայն առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կողմերի (գործատու-աշխատող) համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաեւ մինչեւ այդ ժամկետի լրանալը:
Նախագծով սահմանվում է նաեւ տուժանքի չափը:
«Դա ֆիքսված գումար չէ, յուրաքանչյուր աշխատողի իրավունքի խախտման դեպքում գործատուի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ տվյալ աշխատողի միջին աշխատավարձի 0.15 տոկոսի չափով յուրաքանչյուր չտրամադրված արձակուրդային օրվա համար»,- այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց (ԱՍՀՆ) աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները:
Կարդացեք նաև
Վարչության պետի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխություններով աշխատող-գործատու հարաբերություններում այսուհետ մեծ դեր կունենա առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը: «2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում կատարվեց լրացում, նախատեսված էր, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ արդեն 1.5 ամսից: Այդ փոփոխություններով ավելացվել է առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրական լիազորությունները՝ ընդհանուր աշխատանքային օրենսգրքից բխող բոլոր կարգավորումների վերաբերյալ: Տեսչական մարմինը կկարողանա ամբողջական վերահսկողություն իրականացնել»,- ասաց նա:
Մասնագետից հետաքրքրվեցինք՝ եթե խախտվում է աշխատողի իրավունքները, վերջինս, դիմելով տեսչական մարմին, ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ. տեսչական մարմնի քայլերը որո՞նք են լինելու: Սարգսյանի վստահեցմամբ՝ աշխատողի իրավունքների վերականգման համար բավարար է մեկ գրավոր դիմում, որը նա պետք է ներկայացնի ՀՀ առողջապահության եւ տեսչական մարմին:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: